- Главная
- Կայացավ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը
2018թ. ապրիլի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Սամվել Առաքելյանի, ՄԿՈԱ բաժնի մասնագետ, փ.գ.թ., դոցենտ Էդիկ Կյուրեղյանի, նույն բաժնի վարիչ, ասիստենտ Մարիետա Ճաղարյանի համահեղինակությամբ և բ.գ.թ., ասիստենտ Հասմիկ Վանյանի խմբագրությամբ հրատարակված «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ներկայացնելով, որ «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում» գրքում ընդգրկված են վերջին 5 տարիներին բուհում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն ու դրանց վերլուծությունը: ԵՊՀ ԻՄ-ի վերաբերյալ նոր լույս տեսած գրքի առթիվ նա շնորհավորեց բոլոր համալսարանականներին, գրքին մաղթեց բարի երթ, որ այն ծառայի իր բուն նպատակին և օգտակար լինի առաջին հերթին այն ընթերցող հանրությանը, որի համար նախատեսված է՝ մասնաճյուղի անձնակազմին, ուսանողներին ու շրջանավարտներին, արտաքին շահակիցներին, ընդհանրապես կրթօջախի գործունեությամբ և «հասարակական կարծիք» երևույթով հետաքրքրվողներին:
Ելույթ ունեցավ գրքի համահեղինակ, մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ ներկայացնելով գրքի հիմնական նպատակը, առաջադրված խնդիրները, շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման գործում ներդրում ունեցած և աջակցած բոլոր մարդկանց ու ստորաբաժանումներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, իր խորհրդական Անուշավան Մակարյանին, ՄԿՈԱ բաժնի բոլոր աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, արտաքին շահակիցներին:
Ընդգծվեց, որ ժամանակի հրամայականն է, որ սոցիոլոգիական հարցումները դառնան օրախնդիր հասարակական կյանքի կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բուհական համակարգում: Դրանք բուհի կառավարման ու ինքնակառավարման արդյունավետ տարր են դառնում այնքանով, որքանով ղեկավարությունն ու աշխատակազմը կարևորում են դրա դերը՝ խնդիրների սուբյեկտիվ, բուհի առաջընթացին խոչընդոտող մեկնաբանություններին հակադրելով գիտականորեն հիմնավորված եզրահանգումները: Այդ ամենը քաջ գիտակցելով՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը շատ է կարևորում հարցումների դերը՝ դրանց արդյունքների ճիշտ օգտագործումը համարելով բուհի գործունեության բարելավմանը նպաստող կարևոր միջոց:
Ապա ելույթ ունեցավ գրքի համահեղինակ, փ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդիկ Կյուրեղյանը՝ նշելով, որ գրքի հեղինակների նպատակը մեկն է՝ բարելավել սովորողների և աշխատակիցների սոցիոլոգիական մշակույթը, դրանով իսկ մեծացնել հասարակական կարծիքի հավաստիությունը և, այդպիսով, մասնաճյուղի ղեկավարությանն օժանդակել կրթօջախի ուսումնակազմակերպչական խնդիրների բացահայտման, դրանց լուծման տարբերակների առաջադրման և մասնագիտական կրթության պատշաճ որակի ապահովման հարցերում: Պարոն Կյուրեղյանն ընդգծեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը, մեծապես կարևորելով կիրառական սոցիոլոգիայի և սոցիալական հոգեբանության դերը բուհի կառավարման գործում, ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ է վերաբերվում հարցումների գործընթացին:
Աշխատության համահեղինակ, ՄԿՈԱ բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, անդրադառնալով գրքի ստեղծման հանգամանքներին, նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում հատկապես վերջին 5 տարիներին առանձնակի նշանակություն է տրվում մասնաճյուղից, դասախոսական կազմից, բուհում իրականացվող ուսումնառությունից ներքին և արտաքին շահակիցների բավարարվածության հարցումներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձագանքել աշխատաշուկայի պահանջներին: Տիկին Ճաղարյանը իր երախտագիտությունը հայտնեց մասնաճյուղի տնօրենությանը, որը հարցումների գլխավոր պատվիրատուն է, բոլոր այն աշխատակիցներին, ուսանողներին, արտաքին շահակիցներին, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հարցումների հետ, օժանդակել դրանց իրականացմանն ու արդյունքների մշակմանը:
Շնորհակալական խոսքում հատուկ շեշտվեցին ՄԿՈԱ բաժնի նախկին և ներկայիս անդամների, մասնաճյուղի կրթության որակի ապահովման գործում իրենց ներդրումն ունեցած աշխատակիցների (Ա.Մակարյան, Ա.Մարգարյան, Ա.Ցուցուլյան, Մ.Ճաղարյան, Ա.Խաչատրյան, Ն.Գրիգորյան, Գ.Ավետիսյան, Յու. Բեկնազարյան, Վ.Աղաբաբյան, Լ.Բեգինյան, Է.Կյուրեղյան, Ա.Եգանյան և ուրիշներ) անունները:
Գրքի վերաբերյալ արժևորման խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը՝ ընդգծելով գրքի ճանաչողական-գործնական նշանակությունը, արծարծված խնդիրների, հասարակական կարծիքի կարևորությունը բուհական համակարգում: Պարոն Ներսիսյանը շեշտեց, որ նման բնույթի աշխատանքները հանրապետությունում շատ չեն, և այդ իմաստով ԵՊՀ մասնաճյուղն առաջիններից մեկն է: Նա ողջունեց և այն փաստը, որ մասնաճյուղում ձևավորվում է գրքի շնորհանդեսի մշակույթը: