- Главная
- Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»
2018թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի անդամների հետ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը, որին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման շարժառիթը նախօրեին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունն էր, որտեղ մասնաճյուղի ՈՒԽ-ն դարձավ մրցանակակիր:
Այն ՀԵՀ-ի կողմից 17 տարի անընդմեջ իրականացվող ծրագիր է, որի նպատակն է խրախուսել, գնահատել երիտասարդներին, ուսանողներին և տարվա ընթացքում իրականացվող երիտասարդական նախաձեռնությունները:
«Հայկյան 2017» մրցանակաբաշխությանը ներկայացվել էր շուրջ 40 հայտ՝ 11 անվանակարգերում, որոնցից «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:
Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը մեծ ուրախությամբ շնորհավորեց մրցանակակիրներին, ընդգծեց, որ ՈՒԽ-ի այս հաղթանակն առանձնահատուկ ձեռքբերում է մասնաճյուղի համար. «Սիրելի՛ ուսանողներ, ձեզ եզակի հնարավորություն է տրվել ՀՀ նախագահի ձեռքից ստանալու մրցանակ, մի բան, որի մասին մեր սերունդը չէր էլ կարող երազել: ՀՀ մարզերում կան տասնյակ պետական բուհեր, որոնց մեծ մասը գերազանցում են մեր կրթօջախին իրենց ուսանողների քանակով, սակայն այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք եղել ենք ավելի կազմակերպված, իրագործել ենք հետաքրքիր ծրագրեր և, որ պակաս կարևոր չէ, ճիշտ ենք ներկայացրել կատարած աշխատանքները»:
Պարոն Առաքելյանը, կարևորելով ուսանողական կառույցները որպես երիտասարդների ինքնադրսևորման լավագույն հարթակներ, նշեց, որ այսօր ՀՀ պետական բարձր պաշտոնյաների հիմնական մասը ուսանողական տարիներից ակտիվություն ցուցաբերած անձինք են, ովքեր կարողացել են ինքնադրսևորվել և անընդհատ աճել: Տավուշի մարզում ևս համայնքների, դպրոցների, տարբեր կազմակերպությունների ղեկավարների մեջ մեծ թիվ են կազմում մասնաճյուղի շրջանավարտները, ովքեր ուսանողական տարիներին եղել են ակտիվ: Նրանց մի մասն էլ աշխատում է մասնաճյուղում և այժմ այստեղ ներկա գտնվողների մեջ կան ուսանողներ, որոնց առաջարկելու ենք աշխատանքի անցնել մասնաճյուղում:
Տնօրենը շնորհակալություն հայտնեց ավարտական կուրսերի ուսանողներին, շնորհավորեց ֆակուլտետների ՈՒԽ-ների նորընտիր նախագահներին, բոլորին մաղթեց բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ և նշեց, որ մասնաճյուղի ղեկավարությունը միշտ պատրաստ է աջակցել ուսանողներին՝ իրականացնելու իրենց նախաձեռնությունները: Ամփոփելով իր խոսքը՝ նա կոչ արեց լինել ակտիվ, ունենալ մեծ ընկերական շրջապատ, որը կօգնի կյանքի բոլոր իրադրություններում:
Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների և աջակցության համար՝ մասնավորապես նշելով. «Ուրախ եմ, որ պատվով ենք ներկայացրել մեր համալսարանը, արժանացել նման մրցանակի: Շնորհակալ եմ Ուսխորհրդի աշխատանքային թիմին և իհարկե մասնաճյուղի տնօրեն պարոն Առաքելյանին՝ մեզ մշտապես աջակից լինելու համար։
Վստահ եմ, որ մրցանակն ավելի ոգևորիչ կլինի մեր կրտսեր ընկերների համար, որ նրանք էլ մեզ գերազանցեն»։