- Главная
- Խորհրդակցություն մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ
2018թ. հունվարի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքին, երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին ու հատկապես Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման նոր կարգին վերաբերող հարցեր:
Մասնավորապես նշվեց, որ այս տարի արդեն ամփոփիչ ատեստավորումն իրականացվելու է միայն ավարտական աշխատանքների պաշտպանության միջոցով, ամփոփիչ քննություններ չեն լինելու, և անհրաժեշտ է հետևողական լինել, որ ավարտական աշխատանքները լիովին իրականացվեն ըստ նոր կարգի:
Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված չափանիշների համաձայն՝ ավարտական աշխատանքի գնահատումն, օրինակ, իրականացվում է 20 միավորանոց սանդղակով, «Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը» չափանիշի համար սահմանված է առավելագույնը 2 միավոր, «Աշխատանքի կատարումը և արդյունքները» չափանիշի համար՝ առավելագույնը 6 միավոր, «Աշխատանքի շարադրումը և ձևավորումը» չափանիշի համար՝ առավելագույնը 4 միավոր, հրապարակային պաշտպանության համար՝ առավելագույնը 8 միավոր:
Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց ավարտական կուրսերի ուսանողների հետ կազմակերպել հանդիպումներ և նրանց հանգմանորեն ներկայացնել նոր կարգը, բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները, օրինակելի կառուցվածքը, ձևավորումը, պաշտպանությունը, աշխատանքի գնահատման չափանիշները, դրանց համապատասխան չափորոշիչներն ու հատկացվող միավորները և այլն: