- Главная
- Դպրոցականների այցելությունները մասնաճյուղ
2022թ. մայիսի 31-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրկին հյուրընկալվել էին Իջևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի և Իջևանի ավագ դպրոցի ուսուցիչ Ս.Տերտերյանի ուղեկցությամբ:
Այցելության նպատակն էր ավագ դպրոցի սաներին ծանոթացնել համալսարանական միջավայրին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, կրթական ծրագրերին, բուհում ընթացող գործընթացներին և կենտրոնների կողմից իրականացվող աշխատանքներին:
Աշակերտները Լ.Բեգինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում, ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին:
ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում և «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնների գործունեության, հասարակությանն առաջարկվող ծրագրերի և հնարավորությունների մասին:
2022թ. մայիսի 14-ին ճանաչողական այցով մասնաճյուղ էին այցելել Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դպրոցի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Մ.Խառատյանի ուղեկցությամբ:
Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ մասնաճյուղում կարճ դասախոսություններ են լսել Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում, Բնագիտության և համակարգչային տեխնիկայի ուսումնական լաբորատորիայում, հանդիպումներ են ունեցել Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովակիմյանի և տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի հետ: Համալսարանի դասախոսները դպրոցականների հետ խոսել են ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերի, զարգացման հեռանկարների և աշխատաշուկայի պահանջարկի մասին:
Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, ուղղել են իրենց հարցերը, ստացել խորհուրդներ, որոնք վերաբերել են ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառելու համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին:
Այս այցելությունները կրում են պարբերական բնույթ և դպրոցականներին հնարավորություն են տալիս համապարփակ պատկերացում կազմել համալսարանական կրթության և ուսանողական առօրյայի մասին: