2022թ. մայիսի 31-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրկին հյուր­ընկալվել էին Իջևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալ­սարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի և Իջևանի ավագ դպրոցի ուսուցիչ Ս.Տերտերյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր ավագ դպրոցի սաներին ծանոթացնել համալսարանական միջավայրին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործու­նեությանը, կրթական ծրագրերին, բուհում ընթացող գործընթացներին և կենտրոնների կողմից իրականացվող աշխատանքներին:

Աշակերտները Լ.Բեգինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաճյուղում, ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին:

ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում և «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնների գործունեության, հասարակությանն առաջարկվող ծրագրերի և հնարավորությունների մասին:

2022թ. մայիսի  14-ին ճանաչողական այցով մասնաճյուղ էին այցելել Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դպրոցի հոգեբան, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Մ.Խառատյանի ուղեկցությամբ:

Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները տեղեկատվական տեխնո­լոգիա­ների վերաբերյալ մասնաճյուղում կարճ դասախո­սություններ են լսել Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում, Բնագիտության և համակարգչային տեխնի­կայի ուսումնական լաբորատորիայում, հանդիպումներ են ունեցել Ծրագրավոր­ման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովա­կիմ­յանի և տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի հետ: Համալսարանի դասախոսները դպրոցականների հետ խոսել են ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերի, զարգացման հեռանկար­ների և աշխատաշուկայի պահանջարկի մասին:

Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, ուղղել են իրենց հարցերը, ստացել խորհուրդներ, որոնք վերաբերել են ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառելու համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին:

Այս այցելությունները կրում են պարբերական բնույթ և դպրոցականներին հնարավորություն են տալիս համապարփակ պատկերացում կազմել համալսարանական կրթության և ուսանողական առօրյայի մասին:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: