2019թ. մարտի 20-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ. ղեկավար Կարինե Դավթյանի, կենտրոնի երգչախմբի և կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ին, կենտրոնի մշակութային նախաձեռնություններում ընդգրկել մասնաճյուղի ուսանողներին, խորացնել համագործակցությունը, իրականացնել համատեղ ծրագրեր:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի հանդիպումը, որի ընթացքում պարոն Ցուցուլյանը ողջունեց կենտրոնի ներկայացուցիչների նախաձեռնությունը, համագործակցելու պատրաստակամությունը, գծագրվեցին փոխհամագործակցության եզրերը:

Այնուհետև հյուրերն ընդհանուր կերպով ծանոթացան մասնաճյուղի առօրյային, գրադարանին նվիրեցին իրենց գործունեությանը վերաբերող գրքեր, տեսան Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների՝ բուհի պատերը զարդարող աշխատանքները:

Ապա կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողության հետ հանդիպում, որի ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի անձնակազմին, շնորհանդեսի ուղեկցությամբ համառոտ ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, կենտրոնի կազմում գործող մշակութային խմբերը և նրանց միջոցով իրականացվող բազմաբնույթ մշակութային միջոցառումները, Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները:

Մասնավորապես նշվեց, որ 2006թ. հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:

Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը.

  • «Համալսարանական» թատրոն-ստուդիա, գեղ. ղեկավար` ԿարինեԴավթյան,
  • Աղջիկներիպարային համույթ, գեղ. ղեկավար` Անի Հարոյան,
  • Երգչախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԿարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
  • Գրական ստուդիա, ղեկավար` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան,
  • «Նիկե» ջոկատ, համակարգող` ԱրևիկՊռազյան,
  • Կինոակումբ, համակարգող` Մարիա Գրիգորյան,
  • Ժողգործիքների նվագախումբ, գեղ. ղեկավար Արմեն Այվազյան,
  • Կիթառահարների խումբ, գեղ. ղեկավար՝ Նորայր Շահբազյան:

Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.

  • ուսումնական գործընթացին զուգահեռ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը,
  • մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի,
  • միջբուհական և հանրապետական մրցույթների, փառատոների կազմակերպման և մասնակցության, միջբուհական մշակութային կապերի ստեղծման միջոցով ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,
  • ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացումը,
  • ցուցահանդեսների, համերգների և ներկայացումների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
  • մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպումը,
  • ֆիլմերի և ներկայացումների դիտումների, քննարկումների, ինչպես նաև նշանավոր մարդկանց հետ հանդիպումների միջոցով ուսանողության մեջ ճաշակի ձևավորումը:

 Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Համերգային ծրագրերի իրականացում ինչպես Երևանի պետական համալսարանի կամարների ներքո, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում և Արցախում:
  • Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակույթի աշխարհում անվանի մարդկանց:
  • Այցելություն թատրոններ` կազմակերպելով դիտում-քննարկում տվյալ ներկայացման ստեղծագործական խմբի հետ:
  • Այցելություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին:
  • Մասնակցություն քաղաքային մեծամասշտաբ միջոցառումների, հեռուստատեսային հաղորդաշարերի, տեսահոլովակների նկարահանումներին:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց նաև 2019թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական մրցույթի մասին, որին մինչև ս.թ. ապրիլի 30-ը կարող են դիմել նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ այցելության և համագործակցելու նախաձեռնության համար՝ նշելով. «Մյուս հանդիպմանը Իջևանում կունենանք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացում, որը կլինի սկիզբը՝ շարունակելու համագործակցությունը»:

Опубликовать материал
©2024 Все права защищены.