Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 17-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Այցելությունը երկու հիմնական նպատակ ուներ. առաջին՝ փորձի փոխանակման միջոցով բարելավել մանկավարժական կարողությունները, ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները և մասնաճյուղում ռուսաց լեզվի դասավանդման տարբեր ոճերը, երկրորդ՝ փոխանցել Պրեշովի համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքված համաձայնագիրը, քննարկել և խորացնել գործընկերային հարաբերությունները՝ ապահովելու ուսանողների և հետազոտողների փոխանակումը:

Նախ արտասահմանցի հյուրը ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի ուղեկցությամբ հանդիպեց տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկվեցին այցի օրակարգային ու համագործակցային հարցեր. դիտարկվեցին համաձայնագրի պայմանները և համատեղ ներկայացված «Էրազմուս+» նախագծի մանարամասները:

Ապա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանի հետ քննարկվեցին համատեղ կրթական ծրագրերի ներդրման և ուսանողների ու դասախոսների փոխանակման հնարավորությունները, իսկ գիտական քարտուղար Մհեր Աթոյանի հետ դիտարկվեցին համագործակցության հնարավոր գիտական ուղղությունները:

Հաջորդիվ պրոֆեսոր Աննա Պետրիկովան ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար իրականացրեց «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում:

Դասախոսության ընթացքում քննարկվեցին վերապատրաստման ծրագրերը, ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին թե՛ մանկավարժական և թե՛ լեզվական (մասնավորապես՝ սլովակերենի) ուղղությամբ քննարկմանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության վերջում արտասահմանցի հյուրի համար կազմակերպվել է այց-էքսկուրսիա Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: