ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2024 թ. ապրիլի 13-ին կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի միջազգային դպրոցի, Սարիգյուղի (I. «Սարիգյուղ» և II. «Չինարի-Սարիգյուղ»), Պտղավանի, Իջևանի, Իջևանի համայնքապետարանի, Գանձաքարի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները:

Առաջնության նպատակն էր մասսայականացնել սպորտը մարզում, բարձրացնել մասնակիցների սպորտային վարպետությունը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին և բոլոր ներկաներին, ընդգծելով բաց առաջնության կազմակերպման նպատակը և կարևորությունը, մասնակիցներին մաղթելով  հաջողություն:

Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա հիմնական մեծ միջոցառումները նվիրել ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին. մեր մասնաճյուղը 1994 թվականից է գործում որպես այդպիսին, և ինքը լուրջ ներդրում ունի մեր տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող կադրերի ձևավորման հարցում: Մենք այնպիսի քաղաքականություն ենք մշակել, որ մասնաճյուղը պետք է դառնա տարածաշրջանային մշակույթի, սպորտի, գիտության կենտրոն, և սա այդ լավ միջոցառումներից մեկն է, որովհետև համախմբել է մի շարք կառույցների՝ ուսումնական և ոչ ուսումնական»:

Խաղերն ընթանում էին օլիմպիական մրցակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից:

Իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում Սարիգյուղի վոլեյբոլիստները:

Եզրափակիչ դուրս եկան Գանձաքարի և «Չինարի-Սարիգյուղ» թիմերը:

2:0 հաշվով հաղթեցին «Չինարի-Սարիգյուղ» թիմի մարզիկները:

Երրորդ տեղի համար խաղացին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի և Սարիգյուղի առաջին թիմերը: Համառ և գեղեցիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Սարիգյուղի առաջին թիմը:

Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց «Չինարի-Սարիգյուղ» թիմը, երկրորդ տեղը՝ Գանձաքարի, երրորդ տեղը՝ Սարիգյուղի առաջին թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: