ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 30-ին կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ:
Հանդիպման սկզբում Ա. Պռազյանն ուսանողներին ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, կարիերայի հնարավորությունները հիմնադրամի հետ, դիմելու կարգը, ապա պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ներկայացվեց, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից և ունի առաքելություն բարելավելու Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ նախ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, ապա նրանց 2 տարով գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որոնցում կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Ծրագիրը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Երիտասարդ մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում ուսուցանվող նյութերն աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում կրթության որակի բարելավմանը:
Նշվեց, որ ծրագրի մասնակիցները տեղաբաշխվում են Հայաստանի մարզերում, որտեղ կա ուսուցիչների պակաս:
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցները օգտվում են հետևյալ արտոնություններից.
- ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի) և կրթաթոշակ,
- դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
- գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
- առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:
Խոսվեց, այն մասին, որ ծրագրի մոդելն ունի 25 տարվա պատմություն և սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է: Կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի փոխանցել լավագույն փորձը և գիտելիքները: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, հոգում է ծրագիրը:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ա. Պռազյանը նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ներկայացվեց նաև, որ ծրագրի մասնակիցներն ունենում են մենթորներ, ովքեր հարկ եղած դեպքում ուղղորդում և օգնում են մասնակիցներին ցանկացած հարցում: Ուսանողների այն հարցին, թե կարող են արդյոք մասնակիցները ծրագրի ընթացքում հրաժարվել մասնակցությունից, ներկայացուցիչը նշեց, որ նման բացառիկ դեպքեր եղել են: Ուսանողներին նաև հետաքրքրեց այն հարցը, թե արդյոք իրենք կարող են ընտրել, թե որ մարզում են աշխատելու: Ա. Պռազյանը նշեց, որ ուսանողները կարող են բացառել 3 մարզ, բայց վերջնական ընտրություն կատարում են ծրագրի պատասխանատուները:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հետաքրքրեց ուսանողներին, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին: