ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Առաջարկված փոփոխություններով նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերը և դրանց չափաբաժիններն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և կրեդիտների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրներին, ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում հաստատելուն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի ծրագրերին, ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելուն վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի հետ կապված՝ ներկայացվեց, որ  ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2024 թ. հունվարի 31-ի նիստում քննարկվել է հարցը, և որոշվել է առաջարկել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա ուսման վճարների չափերում:

Գիտխորհրդի նիստում որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի նախագիծը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը հաստատելու հարցի վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը: Զեկուցողը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ծրագրով պլանավորվել է մշակել ձեռնարկությունների հետ ԵՊՀ ԻՄ համագործակցության կարգ: Բաժինը մշակել է կանոնակարգ, որի նախագիծը նախապես քննարկվել է Գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նիստում (31․10․2023) և այժմ ներկայացված է Գիտխորհրդի հաստատմանը:

Կանոնակարգը սահմանում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ ՀՀ-ում գործող պետական, մասնավոր և միջազգային ձեռնարկությունների, ընկերությունների ու կազմակերպությունների կայուն համագործակցության  համակարգ ստեղծելու, ԵՊՀ ԻՄ ուսանողների ապագա կարիերայի զարգացմանն ու նրանց մասնագիտական գործունեությանն աջակցելու ձևերն ու մեխանիզմները, ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող հանձնաժողովի աշխատակարգը:

Կանոնակարգի համաձայն՝ համագործակցության մեջ էական տեղ է հատկացվում մասնաճյուղի շրջանավարտներին: Առաջարկվում է ստեղծել «Շրջանավարտների միություն»՝ ձեռնարկությունների հետ համագործակցության ընդլայման, աշխատանքների հասցեականության բարձրացման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրների մասին զեկուցեց Գիտխորհրդի նախագահ Անուշավան Մակարյանը՝ անդրադառնալով ռազմավարական 3 նպատակներից (Բարձրորակ կրթություն, Գիտություն և նորարարություն, Հանրային ներգրավում) բխող այն հիմնական խնդիրներին և գործողությունններին, որոնք առանձնացվել էին որպես առաջնահերթություններ՝ 2024 թվականին իրականացնելու համար:

Գիտական խորհրդի անդամները հաստատեցին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում, նրան մաղթեցին բեղուն և արդյունավետ գործունեություն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողներ Սյուզաննա Պետրոսյանը և Էդիտա Գրիգորյանը ներկայացրին կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշեցին, որ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի կողմից մասնաճյուղի ուսանողների, Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպվել և անցկացվել են կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ զարգացել են մասնակիցների լեզվական, սոցիալական և տեխնիկական հմտությունները, նրանք ծանոթացել են ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

Անդրադարձ կատարվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի համատեղ ջանքերով 2024 թ. փետրվարից գործարկված «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագծին, որի շրջանակներում ևս կիրականացվեն անվճար դասընթացներ և միջոցառումներ՝ ուղղված ուսանողների և դասախոսների, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:

Մասնաճյուղի գիտխորհրդի՝ 63/3 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ որոշվեց սահմանված ժամկետում հայտարարել մրցույթ, առաջարկված փոփոխություններով հաստատել կարգը՝ առանց գնահատման չափանիշների տոկոսային բաշխման, իսկ այդ բաշխումը լրացուցիչ քննարկումներից հետո սահմանել տնօրենի հրամանով:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: