ԵՊՀ ԻՄ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները տնօրենության աջակցությամբ ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ավետիս Գրիգորյանի ուղեկցությամբ «Թանգարանային գործ» առարկայի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 17-ին այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուսանողները ծանոթացան թանգարանային ֆոնդերում պահվող կիրառական արվեստի նմուշներին, հավաքածուների համալրման և պահպանման եղանակներին:

Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, հնագետ Մարիամ Սարիբեկյանն ուսանողներին ծանոթացրեց Հայկական լեռնաշխարհի քարեդարյան ժամանակաշրջանի պատմությանը՝ ներկայացված տարբեր գտածոներով՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, կիրառական արվեստի նմուշներ: Այնուհետև ինտերակտիվ ուղևորություն կատարեցին դեպի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջան, անտիկ աշխարհ և միջնադար: Ուսանողները հատկապես մեծ տպավորություն ստացան 19-20-րդ դդ․ ազգագրական հավաքածուների բաժնում, որտեղ ներկայացված էին արծաթյա և ոսկյա բազմաթիվ զարդեր, կենցաղային առարկաներ և ազգային տարազի նմուշներ:

ԵՊՀ ԻՄ ուսանողներն ականատես եղան նաև թանգարանում գործող «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, ծանոթացան գորգագործության գաղտնիքներին և Հայաստանի տարբեր բնակավայրերում գործված բազմաթիվ բարձրարժեք նմուշների:

Ուղևորության հաջորդ կանգառը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ ուսանողները ծանոթացան Երևան քաղաքում գտնվող երեք նշանավոր հնավայրերի (Էրեբունի ամրոց, Թեյշեբաինի ամրոց և Շենգավիթ բնակատեղի) պեղումներով հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին և արվեստի շքեղ նմուշներին: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են վերոնշյալ 3 հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներով հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և միջնադարյան ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 13 հազար հնագիտական առարկաներ: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Վանի թագավորության պատմությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը, որմնանկարչությունը, խեցեգործությունը, մետաղագործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցնները:

Վերջում ուսանողներն այցելեցին «Արին բերդ» բլրի բարձունքին գտնվող Էրեբունի բերդաքաղաքի ավերակներ, որտեղ դասախոսը ներկայացրեց վերջին տարիներին կատարվող պեղումների արդյունքները, ինչպես նաև թանգարանի ստեղծման և այս օրերին նշվող «Էրեբունի-Երևան 2805» տոնակատարությունների պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանին՝ ԵՊՀ ԻՄ ուսանողներին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հյուրընկալելու և տպավորիչ շրջայցի համար:

Տարածել նյութը
©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: