Աշխատանքային այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Մայր բուհի ներկայացուցչական խումբը՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը, Ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը, ԵՊՀ բակալավրիատի բաժնի վարիչ Մարինե Ստեփանյանը, Դասախոսների որակավորման բարձրացման բաժնի համակարգող Անուշ Ստեփանյանը:
Այցելության նպատակն էր քննարկել Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին, գործունեության ռազմավարական պլանավորմանը, տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի մշակման հնարավորություններին, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, արտաքին և ներքին հաղորդակցման գործընթացներին:
Համալսարանականները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի ուղեկցությամբ նախ շրջայց կատարեցին մասնաճյուղում, դիտարկեցին ուսումնական ռեսուրսները, տեղում ծանոթացան աշխատակազմի անդամների հետ, ֆակուլտետների և ամբիոնների, վարչական ստորաբաժանումների, ուսումնագիտական կենտրոնների, լաբորատորիաների և արվեստանոցների գործունեությանը:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ըստ ոլորտների ձևավորված առանձին խմբերի հետ անցկացվեցին հանդիպումներ:
Անձնակազմի անդամների հետ հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, Ռ.Բարխուդարյանը և Ա.Մակարյանը:
Աշխատանքային այցի նպատակները ներկայացրեց Ա.Բաբաջանյանը՝ անդրադառնալով քննարկվելիք հարցերի շրջանակին, Մայր բուհ-մասնաճյուղ կապի ամրապնդման հնարավորություններին և ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկա վիճակի մասին հաղորդեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ-ի առաքելությունը, ռազմավարական նպատակները և զարգացման խնդիրները, անդրադարձավ բակալավրի և մագիստրոսական գործող կրթական ծրագրերին, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսներին:
Ստորաբաժանումների հետ իրականացված թիրախային հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթական ծառայությունների որակին, ֆինանսական գործունեության արդյունավետ պլանավորմանը, համայնքի հետ աշխատանքներին, շարունակական կրթության հնարավորություններին, թվայնացմանը և տվյալների հետ աշխատանքին, արտաքին և ներքին հաղորդակցությանը, գիտական գործունեությանը, համագործակցային նախագծերին վերաբերող հարցեր:
Հանդիպումներն ուղեկցվեցին արծարծված հարցերի շուրջ ակտիվ ու արդյունավետ քննարկումներով և ամփոփվեցին Մայր բուհ–մասնաճյուղ կապի հզորացման, մասնաճյուղի ներկա վիճակի գնահատման, այցի արդյունքների վերաբերյալ պրոռեկտորներ Մ.Հովհաննիսյանի և Ռ.Բարխուդարյանի ելույթներով:
Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի պատվիրակությանը աշխատանքային այցի, իրականացված ադյունավետ քննարկումների համար՝ վստահեցնելով, որ Մայր բուհի դրական փորձի կիրառումը և համագործակցության խորացմանն ուղղված քայլերը միարժեքորեն կնպաստեն մասնաճյուղի գործունեության արդյունավետության աճին: