2023թ. սեպտեմբերի 5-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նորից մեկնարկեցին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը:
Վերապատրաստումներն իրականացվում են՝ հիմնվելով ԿԳՄՍ նախարարի՝ ԵՊՀ ԻՄ-ը որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատաստող կազմակերպություն երաշխավորելու և դասընթացների ցանկը հաստատելու և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ներկայացված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները հաստատելու մասին հրամանների վրա: Դեռևս 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն էր ստացել կազմակերպելու ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստումների մեկնարկից առաջ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով իրականացվող վերապատրաստումների դերը ուսուցիչների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման և փորձի փոխանակման գործում, մաղթելով բարի ընթացք:
Հերթական ատեստավորման ենթակա ավելի քան հինգ տասնյակ ուսուցիչների վերապատրաստումները ԵՊՀ ԻՄ-ում իրականացվելու են բոլոր բաղադրիչներով հետևյալ մոդուլների համար.
- տարրական դասարաններ,
- հայոց լեզու և գրականություն,
- պատմություն,
- հասարակագիտություն,
- աշխարհագրություն
- անգլերեն,
- ֆրանսերեն,
- ռուսաց լեզու,
- մաթեմատիկա:
Վերապատրաստումները նպատակ ունեն զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մոտեցումներով և նորարարական մեթոդներով դասավանդման հմտությունները: Դրանք իրականացվելու են առկա եղանակով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից: