1․ գլխավոր 2023թ. հուլիսի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել էր 3 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով։

Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննություններն անցկացվեցին մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղերն ընտրեցին վիճակահանությամբ: «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար՝ պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք՝ դեկորատիվ մեկնաբանությամբ՝ A3 ֆորմատի թղթի վրա։

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էր դիմել 14, իսկ «Դիզայն» կրթական ծրագրով՝ 16 դիմորդ: Հանձնաժողովի անդամները «Գծանկար» քննության գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, տոնային ընկալումն ու նյութականության ստացումը, հորինվածքի եզրափակիչ մշակումը։

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը։

«Դիզայն» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության դեպքում գնահատվում էին երկրաչափական ծավալային մարմինների գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտահղացումը, երկրաչափական մարմիններով կոմպոզիցիոն հորինվածքի դինամիկ ամբողջացումը (սկիզբ, հասունացում, ավարտ), կոմպոզիցիոն հորիվածքում մարմինների չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների տոնայնության արտացոլումը, երկրաչափական ծավալային մարմինների հստակ սահմանազատման առկայությունը գույների տոների միջոցով:

Սիրով շնորհավորում ենք «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով մասնաճյուղ ընդունված դիմորդներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և ձեռքբերումներ նոր ուսումնական տարում։ 

«Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: