«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, և «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ի դեմս տնօրեն Վ.Հովհաննիսյանի, կնքեցին համագործակցության համաձայնագիր՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական ուսումնական հաստատության բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսուցումը շարունակելու մասին:
Մինչև համաձայնագրի ստորագրումը քոլեջից համալսարան ընդունվելու գործընթացի մանրամասների վերաբերյալ խորհրդատվությամբ հանդես եկան Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը՝ անդրադառնալով առարկայական տարբերությունների հաշվարկով մասնագիտությունների ընտրության նպատակահարմարությանը:
Կնքված համաձայնագրով կողմերը ստանձնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտների ուսումը շարունակելու համար անհրաժեշտ մի շարք պարտականություններ:
ԵՊՀ ԻՄ-ը մասնավորապես պարտավորվեց՝
- իրականացնել քոլեջի բարձր առաջադիմություն (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) ցուցաբերած շրջանավարտների ուսուցումը բուհի բակալավրիատի հեռակա ուսուցման 2-րդ կուրսից՝ վճարովի համակարգում՝ տվյալ ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համապատասխան կրթական ծրագրերի գծով բուհին հատկացված տեղերի սահմաններում,
- համագործակցել քոլեջի հետ ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում,
- քոլեջին ցույց տալ համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով,
- կազմակերպել ուսուցում հեռակա ուսուցման համակարգում հետևյալ կրթական ծրագրերի գծով՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», «Պատմություն» և այլն:
Քոլեջը պարտավորվեց՝
- պետական որակավորող հանձնաժողովի կազմում ընդգրկել բուհի և քոլեջի ներկայացուցիչներ՝ հավասար թվով,
- ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա իրականացնել բուհում ուսումը շարունակող հավակնորդների մրցույթ և արդյունքների մասին արձանագրությունը ներկայացնել բուհ,
- վերանայել և բուհի ուսումնական պլանների հետ համաձայնեցնել քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը համապատասխան մասնագիտությունների գծով:
Հանդիպումն ավարտվեց համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ կողմերի պատրաստակամության արտահայտմամբ: