2023թ. ապրիլի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի ուղեկցությամբ գիտաճանաչողական այց կատարեցին քաղաք Գյումրի: Խումբն այցելեց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, գրող Ավետիք Իսահակյանի և դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ:

Ուսանողների համար Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ամենահետաքրքրական և նվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն էր, որտեղ տեղադրված էին Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը: Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն էին, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն: Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը:

Հաջորդ կանգառը  Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն էր, որտեղ ուսանողները տեսան մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը՝ «Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում գործածված: Հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Թանգարանում պահպանված և ցուցադրված էին մեծ դերասանի պարգևներն ու նվերները, գրքեր, անձնական իրեր, կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված  լուսանկարներ, Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ:

Այնուհետև ուսանողներն այցելեցին Սուրբ Ամենափրկիչ և Յոթ Վերք եկեղեցիներ: Վերջինիս պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց տեղացիներն այն կոչում են Յոթ վերք անունով՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը տեղափոխվել է այդտեղ Սուրբ Նշան եկեղեցուց: Յոթ վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ. այն միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ: Համալսարանականները նաև շրջեցին Գյումրիի նշանավոր հին փողոցներով և այցելեցին  պատմամշակութային այլ  վայրեր:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների գիտաճանաչողական այցը արվեստների և արհեստների քաղաք Գյումրի  հաջողված էր. այն նպաստեց ուսանողների գրական-ճանաչողական հայացքների զարգացմանը և գեղարվեստական ճաշակի բարձրացմանը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: