ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2023թ. ապրիլի 22-ին կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն՝ ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում անմահացած մեր հայրենակիցների:
Ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին մեր անմահացած հերոսների հիշատակը։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վ.Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին, բոլոր ներկաներին և նրանց մաղթելով հաջող և դիտարժան խաղ:
Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ մասնավորապես նշելով. «Հարգելի՛ մարզասերներ, այսօր մեր մասնաճյուղում իսկապես սպորտային տոն է. արդեն երկար ժամանակ տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել նման մասշտաբային իրադարձություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ և առաջ կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել մասնակիցներին՝ նմանատիպ ակտիվության համար: Հույս ունեմ, որ մեր պայքարը կլինի ազնիվ. կհաղթեն իսկապես ուժեղները և արժանավորները:
Միջոցառումը ինչ-որ առումով սիմվոլիկ է. ճակատագրի բերումով հայ ազգը վերջին 100 և ավել տարիների ընթացքում անընդհատ ունեցել է կորուստներ, և այդ շարքը դեռևս չի կտրվում, սիմվոլիկ է, որ այն նվիրում ենք մեր նահատակների հիշատակին: Իրենք արել են այն, ինչ կարող էին, իրենք տվել են ամենաքաղցր, ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը, մեզ համար…. Ի՞նչ է մնում է մեզ անել. մեզ մնում է հիշել, հարգել նրանց հիշատակը և ապրել, արարել այնպես, որ արժանի լինենք նրանց հիշատակին»:
Առաջնությանը մասնակցում էր 13 թիմ՝ Սարիգյուղի, Այգեհովիտի, Գանձաքարի (2 թիմ), Պտղավանի, Ներքին Ծաղկավանի, Նոյեմբերյանի, Իջևանի երիտասարդների, Իջևանի համայնքապետարանի, Իջևանի ավագ դպրոցի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Իջևանի 92:48 և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:
Խաղերն ընթանում էին օլիմպիական մրցակարգով (պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից) և աչքի էին ընկնում համառ և գեղեցիկ պայքարով:
1-4-րդ կիսաեզրափակիչ դուրս եկան «Գանձաքար» – «Պտղավան» և «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ» – «Սարիգյուղ» թիմերը: Հաղթողները՝ Գանձաքարի և Սարիգյուղի թիմերը, դուրս եկան եզրափակիչ: Հաղթող ճանաչվեց Սարիգյուղի թիմը, որը ցուցադրեց շատ գեղեցիկ խաղ:
Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց Սարիգյուղի թիմը, երկրորդ տեղը՝ Գանձաքարի թիմը: Երրորդ տեղը զբաղեցրին Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հավաստագրերով: