2023թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:
Օլիմպիադան նախատեսված էր անցկացնել հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա և լրացուցիչ կրթական առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն: «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր անցկացնել մեկ փուլով՝ ապրիլի 1-ին:
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 183 աշակերտ (68 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 30-ը՝ մաթեմատիկա, 23-ը՝ հայոց պատմություն, 21-ը՝ անգլերեն, 15-ը՝ կենսաբանություն, 9-ը՝ ռուսաց լեզու, 7-ը՝ քիմիա, 5-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն, 1-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ գերմաներեն):
ԵՊՀ ԻՄ-ում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը ողջունեց օլիմպիադայի մասնակիցներին, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:
I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ: