ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին զեկուցող Ա.Դավթյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը մասնաճյուղում իրականացվել է ս.թ. մայիսի 21-ից հունիսի 26-ը: 2021-2022 ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է ընդհանուր 245 շրջանավարտ, այդ թվում՝ առկա ուսուցմամբ 8 կրթական ծրագրով 79 շրջանավարտ (38 անվճար, 41 վճարովի) և հեռակա ուսուցմամբ 8 կրթական ծրագրով 155 շրջանավարտ (ևս 11 շրջանավարտ նախորդ տարիներից): Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել և դրական են գնահատվել առկա ուսուցման շրջանավարտների 100%-ը և հեռակա ուսուցման 92.2%-ը (1 ուսանող չի ներկայացել, 12 ուսանող ստացել է անբավարար):
2021-2022 ուստարում մասնաճյուղն ունեցել է նաև մանկավարժի լրացուցիչ որակավորման 22 շրջանավարտ:
Ամփոփիչ ատեստավորման միջին գնահատականով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագիրը (նույն ցուցանիշը գրանցվել է նաև ըստ 2020թ. և 2021թ. արդյունքների), իսկ ամենացածրը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»:
Գերազանցության դիպլոմ առկա ուսուցմամբ ստացել է ընդամենը 18 շրջանավարտ, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 1 շրջանավարտ: Ամփոփիչ ատեստավորման գործընթացում բողոքարկումներ չեն եղել:
Գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանը դեկաններին հանձնարարեց ամբիոններում ավելի խորն ուսումնասիրել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքները՝ որակավորման շնորհման գործընթացը մասնաճյուղում առավել արդյունավետ կազմակերպելու և օբյեկտիվ իրականացնելու նպատակով:
ԵՊՀ ԻՄ-ում սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի ուսումնական պլանների, նախատեսված է եղել 40 պրակտիկա (1-ին կիսամյակում՝ 16, 2-րդ կիսամյակում՝ 24):
Ուսանողների պրակտիկայի կազմակերպման համար հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է 11 հուշագիր, 1 համաձայնագիր և 35 պայմանագիր:
Ուսումնական պրակտիկաները կազմակերպվել են 6 կրթական ծրագրով առկա եղանակով (մասնաճյուղում և մեկ օր տևողությամբ երթուղային եղանակով), առաջին կիսամյակում համավարակով պայմանավորված նաև առկա և առցանց ձևերի համադրմամբ: Մասնակցել է 163 ուսանող: Աշխարհագրական առումով ընդգրկվել են Երևանը և ՀՀ 6 մարզ (Տավուշ, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի):
Ուսումնական պրակտիկաների վերաբերյալ Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինն առաջարկում է մասնագիտական ամբիոնների կողմից ներկայացվող ծրագրերում առաջնային համարել կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ապահովումը, պրակտիկայի ծրագրում ունենալ ծրագրի իրականացման նախնական ֆինանսական հաշվարկ:
Արտադրական (մանկավարժական) պրակտիկաները վճարային հիմունքներով կազմակերպվել են մասնաճյուղի հետ պայմանագիր ունեցող երեք դպրոցներում, գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպվել է Տավուշի մարզի 11 դպրոցներում: Մանկավարժական պրակտիկային մասնակցել է 119 ուսանող, գիտամանկավարժականին՝ 37 ուսանող:
Մասնագիտական պրակտիկաներն իրականացվել են 8 կրթական ծրագրով՝ խմբային և ոչ խմբային եղանակներով: Մասնակցել է 167 ուսանող:
Ընդհանուր առմամբ 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում պրակտիկա է կազմակերպվել 515 ուսանողի համար (առկա ուսուցում՝ 269 ուսանող, հեռակա ուսուցում՝ 246), որից հեռացվել է 1 ուսանող, ակադեմիական պարտք կուտակել՝ 4 ուսանող:
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հաստատման կապակցությամբ զեկուցող Ն.Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի՝ 2022-2026 թթ. առկա ուսուցման 12, 2022-2027 թթ. հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերի և 2022-2024 թթ. մագիստրատուրայի 1 կրթական ծրագրի վերանայման ընթացքը: Տնօրենի հրամանների համաձայն հաստատված կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերը մինչև ս.թ. մայիսի 21-ը պիտի ԿԲԴՎ բաժին ներկայացնեին վերանայված կրթական ծրագրերը: Տնօրենի կողմից սահմանված ժամկետում պատրաստ է եղել միայն երկու կրթական ծրագիր՝ «Պատմություն» և «Ֆրանսերեն լեզու և գրականություն»: Հաշվի առնելով փոփոխությունների մեծ ծավալները՝ կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի համար տնօրենի թույլտվությամբ ժամկետը երկարաձգվել էր մինչև ս.թ. հունիսի 11-ը:
Բաժնի աշխատակիցների կողմից առկա 2022-2026 թթ. կրթական ծրագրերի հիման կազմվել են նաև հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերը՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ»:
Հաստատվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը՝ բացառությամբ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի, որը կհաստատվի գիտխորհրդի առաջիկա նիստում:
ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2022թ. հարցման արդյունքների մասին զեկուցող Մ.Ճաղարյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորման քննություններից հետո Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացված հարցման և հանդիպումների նպատակն էր պարզել շրջանավարտների բավարարվածությունը մասնաճյուղում կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսումնական գործընթացի կազմակերպումից և իրականացումից, պրակտիկաների կազմակերպումից, մատուցվող ծառայություններից և ռեսուրսներից, համալսարանական միջավայրից, գնահատման գործող համակարգից, գնահատման օբյետիվությունից և այլն:
Այս ուստարվա շրջանավարտների կողմից հիմնականում վերհանվել են հետևյալ խնդիրները.
- տեսական գիտելիքները գործնականում կիրառելու խնդիրներ, որը զգացվում է հատկապես պրակտիկաների ժամանակ, նաև մասնագիտական գործունեություն սկսելիս,
- օտար լեզվի իմացության ցածր մակարդակ, որը դժվարացնում է օտարալեզու գրականության հետ աշխատանքը,
- մասնագիտական գրականության սակավություն, մասնավորապես՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար:
Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ում ստացած իրենց կրթությունը շրջանավարտները գնահատել են բարձր (միջին գանահատականը 4.5), և նրանց 94%-ը խորհուրդ կտա իր մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Ի դեպ, այս արդյունքները ամենաբարձրն են վերջին 5 տարվա համար:
Շրջանավարտները հանդիպում-քննարկումների ժամանակ իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել ԵՊՀ ԻՄ-ին ջերմ մթնոլորտի, բարձրագույն և որակյալ կրթության, փայլուն մասնագետների և ուսանողակենտրոն միջավայրի համար:
Գիտխորհրդի նախագահի կողմից Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին հանձնարարվեց վերհանված խնդիրների վերլուծությունը ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ՝ դրանց լուծման պլանների մշակման նպատակով:
Գիտխորհրդի նիստում զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:
Հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ (զեկուցող՝ Ն.Գրիգորյան) և ԵՊՀ ԻՄ-ում շահերի բախման բացահայտման և սահմանափակման կանոնակարգը (զեկուցող՝ Ն.Նազարյան):
ԵՊՀ ԻՄ-ի ներքին դրամաշնորհային մրցույթի մասին զեկուցեց գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ ներկայացված բոլոր դրամաշնորհները հաղթահարել են անհրաժեշտ միավորների շեմը և ներկայացվում են երաշխավորման: Գիտխորհրդի նախագահն առաջարկեց դրամաշնորհի մրցույթում ընդգրկված թեմաները իրականացնող խմբերում, ելնելով ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի խնդիրներից, ներգրավել ուսանողներ, հնարավորության դեպքում նաև փոխել ծրագրերի իրականացման ժամանակացույցը՝ 12 ամսվա փոխարեն դարձնել 7 ամիս:
Որոշվեց.
- երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի ներքին դրամաշնորհային մրցույթի թեմաները,
- դրանցում ներգրավել ուսանողներին,
- 1 շաբաթվա ընթացքում ներկայացնել ծրագրերի իրականացման նոր ժամանակացույց: