2022թ. ապրիլի 22-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և ՀՀ ԿԳՄՍՆ «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Աննա Ավալյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:
Այն նպատակ ունի ձևավորելու և խորացնելու կողմերի միջև գիտակրթական և հանրամշակութային փոխգործակցությունը, նպաստելու ԵՊՀ ԻՄ-ում քոլեջի ուսանողների հետագա ուսումնառության կազմակերպմանը:
Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հետևյալ ուղղություններով.
- քոլեջի դասախոսների վերապատրաստումների անցկացում,
- երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող, ուսումնակրթական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացման, մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և լուծում,
- գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացում,
- կողմերի գործառույթների կատարման համար, ըստ աշխատանքային անհրաժեշտության, համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործում,
- համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության հարցում և ստացում,
- երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններով համագործակցություն:
Ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից՝ ԵՊՀ ԻՄ-ը և Բերդի բազմագործառութային պետական քոլեջը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես՝ քոլեջը կանցկացնի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և գիտաարտադրական պրակտիկաները՝ ուղեգրերում նշված ժամկետներում.
- պրակտիկայի ղեկավարման համար կնշանակի համապատասխան որակավորմամբ մասնագետ,
- ուսանողներին կծանոթացնի անվտանգության տեխնիկայի և քոլեջի ներքին կարգապահական կանոններին՝ ապահովելով պրակտիկայի անցկացման անվտանգ պայմաններ և այլն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝
ա. Քոլեջի ուսանողների համար կկազմակերպի.
- տեղեկատվական օրեր ԵՊՀ ԻՄ-ում,
- դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ,
- մասնագիտական կողմնորոշման դասընթացներ,
- շրջայց ԵՊՀ ԻՄ-ում,
- խորհրդատվություն և նախապատրաստական դասընթացներ քոլեջի շրջանավարտների համար:
բ. Քոլեջի ուսանողներին և կարիերայի պատասխանատուներին կներգրավի ԵՊՀ ԻՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին:
գ. Քոլեջի ուսանողներին կծանոթացնի ԵՊՀ ԻՄ-ում ուսումնառվող մասնագիտություններին:
դ. Կհյուրընկալել քոլեջի ուսանողներին և կկազմակերպի հանդիպումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:
ե. Կկազմակերպի քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսումնառությունը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտություններով՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ հաստատված «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին» որոշման: