2022 թվականի մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետ:
Պրակտիկայի ղեկավարն էր ՀՀ Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ, ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Միսակ Մելքումյանը:
Այցի նպատակն էր ծանոթանալ ֆակուլտետում իրականացվող ավարտական աշխատանքներին, քննարկել իրենց կողմից կատարված նախագծերը, ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը:
Մեր ուսանողներին դիմավորեց և ողջ ընթացքում ուղեկցեց ՃՇՀԱՀ դասախոս, ՀՀ նկարիչների միության անդամ Գևորգ Ջավրուշյանը:
Ներկայացվեց ֆակուլտետը, նախորդ տարիների ուսանողների ավարտական աշխատանքները, աշխատանքային միջավայրը: Այնուհետև փոքրիկ շրջայց կատարվեց համալսարանում:
Ուղևորության երկրորդ կանգառը դիզայնի ոլորտում գործող Tumo studios-ն էր: Ուսանողները ծանոթացան ստուդիայի գործունեությանը, քննարկեցին դիզայնի զարգացման հիմնական միտումները, ապա ծանոթացան վիտրաժի մասնագետ Վարդան Աղաբաբյանի հետ, նրա աշխատանքներին: