2022թ. փետրվարի 25-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ի դեմս տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:
Կնքված հուշագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելն է:
Համագործակցության շրջանակներում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ՝ ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից:
Մասնավորապես «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հուշագրի շրջանակում՝
- ՀԿ-ին կտրամադրի ԵՊՀ ԻՄ-ի տարածքը և գույքը համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար,
- ՀԿ-ի հետ համատեղ կիրականացնի զբսաշրջության ոլորտի գիտահետազոտական և կրթական նախագծեր:
«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝
- իր կարողությունների սահմաններում կաջակցի ուսանողների մասնագիտական (գործնական) ուսուցման կազմակերպմանը. կապահովի անհրաժեշտ պայմաններ (ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հմտությունների և կարողությունների ձեռքբերման և զարգացման համար), ԵՊՀ ԻՄ-ի հետ միասին կսահմանի գործնական ուսուցման ընթացքում ուսանողի կողմից անցկացվող մասնագիտական պրակտիկայի բովանդակությունը,
- կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի գործունեության լուսաբանմանը և ճանաչելիության բարձրացմանը,
- կօժանդակի մարզային նշանակության զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման ժամանակ ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության ապահովմանը,
- զբոսաշրջային արդյունքների մշակման աշխատանքներում կներգրավի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին (որպես կամավորներ) և պրոֆեսորադասխոսական անձնակազմին՝ ըստ անհրաժեշտության,
- ԵՊՀ ԻՄ-ին կաջակցի մտավոր ներուժի կարողություններով:
Հանդիպումն ավարտվեց համագործակցության ծրագրերի իրականացման երկկողմ պատրաստակամության արտահայտմամբ: