2022թ. փետրվարի 15-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպում-քննարկումը:

Ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, երիտասարդներ և ուսանողներ:

Հանդիպում-քննարկման նպատակն էր ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Հյուրերին ու երիտասարդներին ողջունեցին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ խոսելով մարզում ծրագրի իրականացման կարևորության, նպատակի, խնդիրների ու ակնկալիքների մասին:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) թիմը նախ ներկայացրեց ծրագրի մանրամասները, իրականացման ուղղությունները, ապա անդրադարձավ մարզում ապրելու և աշխատելու մարտահրավերներին ու հնարավորություններին:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, դիմելով երիտասարդներին ու գործատուներին, համոզմունք արտահայտեց, որ կարևոր է հավատալ ու շատ ջանքեր ներդնել, և արդյունքը սպասեցնել չի տա: Ներկայացնելով ծրագրի նպատակը, ուղղություններն ու անելիքները՝ նա ընդգծեց մարզի առանձնահատկությունը ՀՕՖ-ի համար, որը 2013 թվականից Բերդի տարածաշրջանում իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագիրը: «Տավուշը մեզ համար շատ հարազատ տարածաշրջան է, քանի որ ՀՕՖ-ը վերջին 9 տարիներին իր խոշոր ծրագրերից մեկն իրականացնում է հենց Տավուշում՝ Բերդի տարածաշրջանում, որն արդեն ընդլայնվել է նաև դեպի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան։ Ուզում եմ շեշտել, որ ՀՕՖ-ը ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է «կա՛մ պետք է ոչինչ չանել, կա՛մ անել առավելագույնս լավ» սկզբունքով։ Սա երկարաժամկետ ծրագիր է՝ 5 տարվա, իրականացնում ենք մեր երեք գործընկերների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ագրարային համալսարանի և CIVITTA խորհրդատվական ընկերության հետ։ Երեք հիմնական ուղղություններով է աշխատելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն/հյուրընկալություն, գյուղատնտեսություն», - նշեց պարոն Սարգսյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ տեղի պոտենցիալ գործատուների հետ են սկսել աշխատել՝ հասկանալու վերջիններիս աշխատանքային պահանջները:

Մասնավոր հատվածի ներգրավման աշխատանքների համակարգող Ամալյա Եղոյանը, խոսելով ծրագրում երիտասարդների ներգրավման ու աշխատանքային նոր հնարավորությունների մասին, նշեց. «Մենք թաքուն նպատակ ու երազանք ունենք. Տավուշի մարզը դարձնել երրորդ տեխնոլոգիական մարզը Հայաստանում։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, իրոք, փոփոխություններ կբերի մարզի երիտասարդների կյանքում, մենք էլ՝ մեր հերթին, կաջակցենք դրա իրականացմանը»:

ՀՕՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը ներկայացրեց ծրագրի գյուղատնտեսության բաղադրիչը՝ մասնավորապես նշելով, որ Տավուշի մարզը հայտնի է իր գյուղատնտեսությամբ, բնությամբ, պաշարներով, բայց մեր ժամանակներում գյուղատնտեսությունը պահանջում է խելացի լուծումներ, ճիշտ որոշումներ, որոնց մասին կներկայացվի դասընթացներին: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Տարածել նյութը
©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: