2021թ. դեկտեմբերի 29-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը՝ առցանց միանալու հնարավորությամբ:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգային 3 և ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ 10 ուղղությունների («Դիմորդներ, ուսանողական համակազմ, շրջանավարտներ», «Ուսումնական գործընթացի կազմակերպում», «Դասախոսական կազմ, գիտական գործունեություն», «Համագործակցություն», «Ենթակառուցվածքներ», «Գրադարան», «Որակի ներքին ապահովում, կրթական բարեփոխումներ», «Սոցիալական աջակցության ծրագրեր», «Ֆինանսական ծախսեր», «Պաշտոնական կայք, հաշվետվություն հանրությանը», «Ուսանողական կառույցներ, ուսանողների նվաճումներ»):

Մասնավորապես նշվեց, որ 2020-2021 ուստարվա համար մասնաճյուղ դիմել է 439 դիմորդ. բակալավրի առկա ուսուցման համար՝ 266-ը, հեռակա ուսուցման համար՝ 135-ը, մագիստրատուրայի համար՝ 38-ը: Վերջին տարիներին նկատվում է դիմորդների թվի աճ, և հաշվետու ուստարվա դիմորդների թիվը 31%-ով ավել է եղել նախորդ տարվա դիմորդների թվից: Ուրախալի է, որ երկար տարիներից հետո մասնաճյուղը ընդունելություն է կազմակերպել մագիստրոսական 1 ծրագրով՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», որը նպատակ ունի աջակցել մարզի հանրությանը՝ ձեռք բերել երկրորդ մասնագիտություն և դպրոցներն ապահովել անհրաժեշտ կադրերով:

Վերջին 4 ուստարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է ուսանողական համակազմի աճ. հաշվետու ուստարում, կրթական բոլոր աստիճաններում միասին հաշված, մասնաճյուղում սովորել է 1288 ուսանող, որը 75-ով ավել է նախորդ տարվա թվաքանակից: Նշենք, որ հեռակա ուսուցմամբ ուսանողական համակազմը կազմում է ուսանողների ընդհանուր թվի 54.35%-ը, և վերջին տարիներին նրանց թիվը նվազում է, քանի որ դիմորդների մոտ 40%-ը չի կարողանում հաղթահարել մրցութային շեմը:

2020-21 ուստարվա համավարակային վիճակը ուսանողներին և դասախոսներին ստիպեց կիրառել հաղորդակցվելու և ուսուցումը կազմակերպելու նոր եղանակներ: Մասնաճյուղում բավականին հաջողությամբ թե՛ կառավարումը, թե՛ ուսումնական գործընթացը անհրաժեշտության դեպքում իրականացվել են առցանց: Տարբեր կազմակերպությունների հետ կնքված 35 պայմանագրերի շրջանակներում 2020-2021 ուստարում, համաձայն հաստատված ուսումնական պլանների, իրականացվել է 30 պրակտիկա (ուսումնական, արտադրական և մանկավարժական) 281 ուսանողի համար (առկա ուսուցում՝ 121 ուսանող, հեռակա ուսուցում՝ 160):

Հաշվետու ուստարում կրթական նորամուծությունը հետազոտական բաղադրիչի ներդրումն էր կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում: Հետազոտական աշխատանքների կատարումը ուսանողների մեջ առաջացրել է հետաքրքրվածություն և ոգևորություն. այդ մասին է վկայում իրականացված առցանց հարցումը:

2020-21 ուստարում մասնաճյուղի դասախոսները հրատարկել են 2 մենագրություն, 1 դասագիրք, 28 հոդված, մասնաճյուղի գիտական խորհուրդը երեք աշխատակցի երաշխավորվել է դոցենտի գիտական կոչում ստանալու համար, մեկ դասախոս պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, մեկը ստացել է դոցենտի գիտական կոչում:

Մասնաճյուղն իրականացնում է տարածաշրջանային, հանրապետական և միջազգային համագործակցային մի շարք ծրագրեր, զարգացնում է կապերը հայաստանյան բուհերի և զանազան կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներում: Դրա վառ ապացույցն են միայն 2020-21 ուստարում կնքված համագործակցության 16 հուշագրերը:

Հաշվետու ուստարին առանձնատուկ է եղել ենթակառուցվածքների համալրման առումով: 2020-21 ուստարվա ընթացքում մասնաճյուղի տարածքում բացվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած և ակտիվ գործունեությամբ արդեն աչքի ընկնող 3 կենտրոն (Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբը, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղը), մեկ լաբորատորիա (Բնական գիտությունների ֆակուլտետում գործող հետազոտական փորձարարական լաբորատորիան) և մեկ հիշատակի լսարան (ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարանը):

Մասնաճյուղի գրադարանն ուսանողների և դասախոսների սիրելի վայրերից մեկն է, որտեղ բացի գրականություն ձեռք բերելուց՝ նրանք մասնակից են դառնում նաև գրքերի շնորհանդեսների, գրական ընթերցումների, նոր գրքերի քննարկումների, ինչպես նաև համալսարանական տարբեր միջոցառումների: Գրադարանում առկա համակարգիչները հարավորություն են տալիս աշխատել գրադարում, օգտվել գրադարանի հարուստ էլեկտրոնային պաշարներից, որն առաջարկում է մոտ 950 էլեկտրոնային գիրք (հիմնականում դասագրքեր, մենագրություններ, ինչպես նաև գիտական ամսագրեր և այլն): Գրադարանը հաշվետու ուստարվա ընթացքում ձեռք է բերել կամ նվեր է ստացել ընդհանուր առմամբ 341 գիրք և ուսումնական տարվա ավարտին ունի 19.578 գիրք:

ԵՊՀ ԻՄ-ը մշտապես ձգտում է բարելավել իր կրթական գործառույթները՝ ակտիվացնելով մասնաճյուղում որակի ներքին ապահովման գործընթացները, աջակցելով իր դասախոսական կազմի մասնագիտական որակների բարձրացմանը և ուսանողների կրթական կարիքների բավարարմանը:

Աշխատակիցների հանգիստի և առողջության ապահովումը մասնաճյուղի գերակա խնդիրներից է: 2020-21 ուստարվանից մասնաճյուղն ամբողջությամբ անցել է 5-օրյա աշխատանքային գրաֆիկի՝ ազատելով երկուշաբթի օրը և աշխատանքային դարձնելով շաբաթ օրը: Նման գրաֆիկն առանձնապես հարմար է Երևանից ժամանող դասախոսական կազմի համար: Արդեն երկրորդ տարին է, մասնաճյուղի հիմնական աշխատակիցներն օգտվում են առողջության ապահովագրությունից «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրով՝ անվճար ստանալով մի շարք բժշկական ծառայություններ:

Մասնաճյուղն իր ֆինանսական միջոցներից 2020-2021 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով 15 ուսանողի տրամադրել է 100% փոխհատուցում, կատարել ուսման վարձավճարի 234 մասնակի փոխհատուցում (քառօրյա պատերազմի մասնակից 17 ուսանող, տնօրենի հայեցողությամբ՝ 127 ուսանող):

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվելու առաջին օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացել է Հայաստանից ու աշխարհի չորս ծայրերից ողջ հայությունը: Համազգային դրամահավաքից անմասն չի մնացել նաև մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 6.500.000 ՀՀ դրամ:

Նույնիսկ պատերազմի և համավարակի, վարձավճարների հավաքագրման գործում առկա դժվարությունների պայմաններում մասնաճյուղում կատարվել են անհրաժեշտ ներդրումներ, ֆինանսներ են տրամադրվել սոցիալական ծրագրերին, գիտական գործունեության, դրամաշնորհների համար և այլն: Մասնաճյուղը ձևավորել է 700 մլն. դրամի հավասար ֆինանսական ապահովության բարձիկ, ինչը որոշակի վստահություն է տալիս գործընթացների պլանավորման հարցում: 2020թ. մասնաճյուղի տարեկան բյուջեն նախորդ տարիների համեմատ էապես չի փոխվել. 2019թ. համեմատ այն նվազել է 1,5%-ով: 2020թ. տարեկան բյուջեի 58.9%-ը կազմել են վճարովի ուսուցման ծառայության եկամուտները, իսկ ահա ծախսերի ընդհանուր ծավալում գերակշռել են աշխատանքի վարձատրության ծախսերը՝ 80%։ Ուսումնական ծախսերը 2020թ. կազմել են 54.5%, որը վերջին 5 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն է:

Մասնաճյուղի գործունեությունը ներքին և արտաքին շահակիցների համար ամբողջությամբ թափանցիկ և հասանելի է մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով, որի ձևը փաստացի հնացել է (Մայր բուհի օժանդակությամբ մենք այն պլանավորում ենք արդիականացնել այս տարի), սակայն բովանդակային բաղադրիչներն անընդհատ հարստացվում են՝ դարձնելով այն ուսանողների, դասախոսների և մյուս շահակիցների համար տեղեկատվության վստահելի հարթակ: Հարկ է նշել, որ պատերազմական իրադարձություններից հետո կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջը համալսարանականների և հանրության ամենապահանջված էջն է, որում ներկայացված են պատերազմում անմահացած մասնաճյուղի հերոս ուսանողներն ու շրջանավարտները:

Մասնաճյուղի ուսանողներն իրենց գաղափարներով ու ծրագրերով համախմբվում են ֆակուլտետային և մասնաճյուղային ուսանողական կառույցների շուրջը՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության:

Հաշվետու ուստարում ՈՒԳԸ-ն ուսանողների համար իրականացրել է 172 գիտական, կրթական, մշակութային ծրագրեր և միջոցառումներ: ՈՒԳԸ-ն հաշվետու ուստարում կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք «Հանուն մեր զինվորների», որով ֆինանսական աջակցություն են ցուցաբերել պատերազմում վիրավորում ստացած 2 զինվորների՝ յուրաքանչյուրին 100 000-ական դրամ։

Ուսանողական խորհուրդն այն ինքնավար կառույցն է, որը բարձրաձայնում է ուսանողների խնդիրները, վերհանում է նրանց ուսումնական և մշակութային կարիքները և հետամուտ է լինում դրանց լուծմանը: Հաշվետու ուստարում կառույցի ներսում գործող 6 մշտական հանձնաժողովների, ռազմահայրենասիրական ակումբի և ֆակուլտետային խորհուրդների կողմից կազմակերպվել են մեկ տասնյակից ավել հանդիպումներ (ուսանողների, մարզի ղեկավար կազմի ներկայացուցիչների, համալսարանի կառավարման մարմինների, մարզի ՀԿ-ների, ԵՊՀ ՈՒԽ-ի, ԱրՊՀ ՈԻԽ-ի հետ), մարզի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվեց բավարար:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին դարձյալ զեկուցեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ձևավորվել էին ՌԾ-ի երեք ոլորտների պատասխանատուների գլխավորությամբ աշխատանքային փոքր խմբեր, որոնց հանձնարարվել էր մինչև 2021թ. հոկտեմբերի վերջն ավարտին հասցնել ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:

Պարոն Մակարյանն ընդհանուր գծերով խոսեց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի հաստատմանը ներկայացված ՌԾ-ի նախագծի բովանդակության մասին: Նշվեց, որ այն ընդգրկում է մի շարք բաժիններ՝ «Առաքելություն», «Տեսլական», «Հիմնարար արժեքները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման խնդիրները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման շարժիչ ուժերը», «Համառոտ տեղեկատվություն ԵՊՀ ԻՄ-ի մասին», «Մասնաճյուղի ընթացիկ վիճակի վերլուծությունը», 3 նպատակները («Բարձրորակ կրթություն», «Գիտություն և նորարարություն», «Հանրային ներգրավվածություն»)՝ իրենց խնդիրներով հանդերձ:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

Երրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ վերլուծելով կարգի կիրառական նշանակությունը՝ եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ գործող կարգում: Այդ փոփոխությունները վերաբերում են գլխավորապես հայտի բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին, որոնց միջոցով ավելի կոնկրետ և տեսանելի կներկայացվեն աշխատանքները՝ որպես գիտական հետազոտությունների ոլորտի շարունակություն:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ դեկտեմբերի 25-ի նիստի թիվ 48/5 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգում կատարված փոփոխությունները:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անունից պարոն Մակարյանը շնորհավորեց բոլոր համալսարանականներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ 2022 թվականը լինի խաղաղության, առողջության, բարեկեցության, նշանակալի ձեռքբերումների, մեծ նպատակների ու նվիրական իղձերի իրականացման տարի:

 

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: