ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության համագործակցության շնորհիվ մեր ուսանողները ստացան այլընտրանքային կրթության հնարավորություն:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության և մեր գործընկեր «Գլաձոր» համալսարանի 14 ուսանողներ 2021թ. օգոստոսի 2-ին սկսեցին իսպաներենի անվճար առցանց դասընթացը արգենտինացի կամավոր Ալբերտո Սալվատիերայի հետ:
Այս կիսամյակի վերջին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Մարիամ Քոչարյանը և Ամալյա Հակոբյանը, «Գլաձոր» համալսարանի 3 ուսանողներ կարողացան հանձնել իսպանալեզու աշխարհին հայտնի Սերվանտեսի ինստիտուտի իսպաներենի A1 մակարդակի թեստը և ստանալ հավաստագրեր:
2022թ. հունվարին դասընթացը շարունակվելու է, և մեր ուսանողները մտադիր են հաղթահարելու նաև հաջորդ մակարդակը:
«ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները սեպտեմբերից սկսեցին խոսակցական ֆրանսերենի անվճար առցանց դասընթացը ֆրանսիացի կամավոր Ստեֆան Լևիի հետ:
Դասընթացավարը բավականին բարձր է գնահատել մեր ուսանողների ունեցած գիտելիքները ֆրանսերենից և Ֆրանսիայի պատմությունից ու մշակույթից:
Ե՛վ իսպաներենի, և՛ ֆրանսերենի դասընթացներին մասնակցած մեր ուսանողները մեծ հաճույքով են հիշում իրենց հետաքրքիր դասերը և հատկապես նշում են դասընթացավարների՝ իրենց աշխատանքին նվիրվածության մասին:
Կիսամյակի վերջին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը շնորհավորեց մեր ուսանողներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ և նրանց հանձնեց “AMVN” կազմակերպության համապատասխան հավաստագրերը: