2021թ. դեկտեմբերի 18-ին Ա.Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը:

Առաջին հարցի՝ հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման և առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ հեռակա ուսուցման բակալավրի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսն իրականացվել է ըստ հաստատված ժամանակացույցի՝ ս.թ. նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 11-ը: Դասապրոցեսը հիմնականում իրակականացվել է առկա տարբերակով՝ բացառությամբ մի քանի դասերի: Հեռակա ուսուցման համակարգում նախորդ տարիներին դասերը հիմնականում իրականացվել են 2-րդ հերթափոխով, սակայն այս ուստարում դասապրոցեսն իրականացվել է առկա ուսուցման հետ համատեղ: Մասնաճյուղի լսարանային ֆոնդը բավարարել է այդպես կազմակերպելու համար: Հաշվի առնելով հեռակա ուսուցման ուսանողների բեռնվածությունը աշխատանքային առումով՝ կազմակերպվել են համապատասխան գրություններ՝ իրենց աշխատանքային վայրեր ներկայացնելու համար, որպեսզի աշխատավայրերից ունենան բացակայելու և դասերին ներկայանալու հնարավորություն: Որոշ կուրսերում ուսանողների հաճախումները բավարար չէին, ուստի բաժնի կողմից շուրջ 170 ուսանողի տրվել է նկատողություն, որից 124-ը տնօրենի կողմից ստացել է խիստ նկատողություն:

Երկրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա բակալավրի առկա և մագիստրատուրայի հեռակա համակարգերում 1-ին կիսամյակի քննաշրջանի և 2-րդ ընթացիկ քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին Ա.Դավթյանը, Ա.Մարգարյանը և ֆակուլտետների դեկանները:

Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ընթացքի մեջ են: Ըստ գործող ժամանակացույցի՝ դրանք սկսվել են ս.թ դեկտեմբերի 14-ից և կտևեն  մինչև 25-ը: Քննություններն ու ստուգումները իրականացվում են միայն առկա տարբերակով: Քննաշրջանին մասնակցելու թույլտվություն չունեն այն ուսանողները, որոնք 50%-ից պակաս են վճարել ուսման վարձը: Ըստ գործող ժամանակացույցի՝ ձմեռային քննաշրջանը տևելու է ս.թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2022թ. հունվարի 29-ը:

Ֆակուլտետների կողմից կազմվել են քննաշրջանի գրաֆիկներն ըստ կուրսերի և օրերի, դրանք ստուգվել են Ուսումնամեթոդական վարչության կողմից, կատարվել են շտկումներ, տեղադրվել են կայքում, իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Մասնաճյուղը պատրաստ է 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի իրականացմանը:

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի քննաշրջանն իրականացվելու է 2021թ. դեկտեմբերի 22-ից  2022թ. հունվարի 25-ը ժամանակահատվածում: Իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ իրականացնելու համար:

Երրորդ հարցի՝ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի տարեկան գործունեության հաշվետվության և 2022թ. պլանների վերաբերյալ զեկուցեց բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը: Նա նշեց, որ հաշվետու՝ 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՏՀՍԶ բաժինն աշխատել է խնդիրներին արագ արձագանքման ռեժիմով, օժանդակել է ուսումնական գործընթացին, ապահովել համակարգչային տեխնիկայի ծրագրային և տեխնիկական սպասարկումը, իրականացրել բաժնի գործառույթները:

Մասնավորապես՝ փոխարինվել են խափանված համակարգիչներ, տպիչ սարքեր, համակարգչային մկնիկներ, ստեղնաշարեր, ձևափոխիչներ, ցանցային մալուխներ, կոնեկտորներ: Որոշ համակարգիչների ծրագրային ապահովումը փոխարինվել է ավելի բարձրով, որոշ դեպքերում՝ խափանումների պատճառով: Հնարավորինս կատարվել են Microsoft-ի ակտիվացիաները: Հյուրանոցային համալիրում եղել է ինտերնետի խնդիր, սարքը փոխարինվել է:

Համակարգչային սրահների, տեսասարքով լսարանների, աշխատակազմի համակարգիչները և մյուս համակարգչային տեխնիկան հաշվետու ժամանակահատվածում եղել են հսկողության տակ, ծրագրային ու տեխնիկական տեսակետից նորմալ վիճակում, թարմացվել են ծրագրերը: Կիրառական արվեստի ֆակուլտետում հերթական անգամ վերատեղադրվել են մասնագիտական ծրագրերը: Առաջացած խափանումներն ուղղվել են: Ընթացքի մեջ է Ռոբոտրոնիկայի լաբորատորիայի համակարգիչների ծրագրային ապահովման իրականացումը:

Տեղադրվել, վերատեղադրվել, ըստ անհրաժեշտության՝ թարմացվել և հսկվել են ցանցային աշխատող Nod հակավիրուսային, Հաշվապահության, ԱԿԻԱ բաժնի, ուսումնական SuperVisiօn ծրագրերը: SuperVisiօn ծրագրի TrustedIP դաշտը մաքրվել է ավելորդ IP-ներից:

ԵՊՀ-ում գտնվող սերվերի կարգավորումներում փոփոխություններ են արվում, որոնք տեղադրվում են բոլոր համակարգիչների վրա:

Ինտերնետ կապը մշտապես եղել է հսկողության տակ, եղել են կարճատև ընդհատումներ, որոնք հնարավորինս արագ վերականգնվել են: Փաստացի, մենք սպառում ենք ինտերնետի պահանջված ամբողջ ծավալը, օրվա առաջին կեսին արագությունը թուլանում է, անհրաժեշտ է այդ ժամերին գոնե սահմանափակել ինտերնետի ոչ նպատակային սպառումը:

Ուսումնական տարվա սկզբում վերաբաշխվել են եղած Zoom-երը, շտկվել թերությունները, անունները, ստեղծվել են նորերը, պարբերաբար ստուգվել է դրանց աշխատունակությունը: Բաժինը տեխնիկապես օժանդակել է առցանց դասերի, դասընթացների, հանդիպումների կազմակերպմանը:

Իրականացվել է կայքի տեխնիկական սպասարկումը: Խնդիրներ ենք ունենում  մասնաճյուղի կայքի IP-ի արգելափակման հետ կապված, դիմել ենք ԵՊՀ:

Պատրաստ են և ուղարկված դասախոսների ԵՊՀ էլեկտրոնային հասցեները: Առաջին կուրսի ուսանողների ԵՊՀ էլեկտրոնային հասցեները դեռևս պատրաստ չեն:

Տպիչ սարքերի սպասարկման որակը բարձրացել է: Ձեռք են բերվել տպիչների սպառվող նյութեր՝ մասնավորապես համապատասխան տոներներ և արագ մաշվող մասեր: Բաժինների կողմից տպիչ սարքերի փոխարինման որոշ հայտեր են հետ ուղարկվել: Վաղ ձեռքբերված սարքերն աստիճանաբար խափանվում են և փոխարինման կարիք ունեն, ինչն ընթացքի մեջ է: Ընթացքում սարք է հատկացվել: Որոշ դեպքերում խնդիրներին տրվել են իրավիճակային լուծումներ, և աշխատանքը չի տուժել:

Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին են ներկայացվել անհրաժեշտ սարքավորումների ցուցակները՝ տեխնիկական բնութագրերով և հնարավոր  գներով՝ նյութական միջոցների հնարավորության սահմաններում հետևելու գնումների գործընթացին: Որոշ հայտեր մրցույթի արդյունքում մերժվել են՝ մասնավորապես գների արագ աճի հետևանքով:

2022թ. պլանների հետ կապված՝ Տ.Խաչատրյանը նշեց, որ բաժնի կողմից 2022թ.  նախատեսվել է իրականացնել հետևյալ գործընթացները.

  • ԵՊՀ ուսուցման կառավարման moodle համակարգին միանալու կազմակերպում,
  • կայքի արդիականացում՝ բաժնի մասով,
  • տեսավերահսկման ցանցի վերականգնում և ընդլայնում,
  • նոր տպիչ տեխնիկայի ձեռքբերում,
  • նոր համակարգիչների ձեռքբերում, վերաբաշխում,
  • առցանց եղանակով իրակա­նաց­վող դասընթաց­ների կանոնա­կարգում, հնարավորություն տրվելու դեպքում առցանց հանդիպումների կազմակերպմանը օժանդակում,
  • ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում:

Տնօրենության կողմից ՏՀՍԶ բաժնին առաջարկվեց տարվա կտրվածքով վերհանել ոչ միայն իրենց բաժնի, այլև ամբողջ մասնաճյուղի տեխնիկական սպասարկմանն ու զարգացմանն առնչվող կարիքները և տվյալ տարեվերջին սահմանված ժամկետներում ներկայացնել պահանջագիր՝ հաջորդ տարվա գնումների պլանում ընդգրկելու նպատակով:

Նիստին ներկայացված զեկուցումներն ընդունվեցին ի գիտություն:

 

 

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: