2021թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային երկու և ընթացիկ հինգ հարցեր:

Առաջին հարցի՝ դասալսումների արդյունքների վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ ամբիոնների վարիչների կողմից իրականացվող և դասախոսների փոխադարձ դասալսումներն անցկացվում են ըստ գործող ժամանակացույցների: Կան դասալսումների օրերի որոշ փոփոխություններ՝ կապված նոյեմբերի 2-16-ը ժամանակահատվածում ուսումնական պարապմունքներն առցանց իրականացնելու հետ: Մի քանի ամբիոնների վարիչներ, նպատակահարմար համարելով դասալսումներն իրականացնել տեղում՝ առկա եղանակով, առաջարկել և հետաձգել են տվյալ ժամանակահատվածում նախատեսված որոշ դասալսումների օրեր: Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչների և դասախոսների փոխադարձ դասալսումներն իրականացվեն՝ ըստ հաստատված ժամանակացույցների, լրացվեն դասալսման գրանցամատյանները, դասի գնահատման հարցաթերթիկները և դասալսման արդյունքների վերլուծության ձևաչափերը, կազմակերպվեն քննարկումներ ամբիոնների նիստերի ժամանակ:

Որոշվեց՝ դասալսումների արդյունքների մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի՝  ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մելանյա Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. նախահաշվի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանձնարարվել էր բոլոր բաժիններին ԵՊՀ ԻՄ-ի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին ու հաշվապահություն ներկայացնել, թե տարվա կտրվածքով ինչ է անհրաժեշտ իրենց բաժիններին:

Վճարների մուծման դինամիկայի հետ կապված՝ զեկուցողը ներկայացրեց, որ ս.թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բակալավրի վճարովի առկա ուսուցման համակարգի 420 ուսանող պետք է մուծեր 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վճարի 75%-ը (58.5 միլիոն ՀՀ դրամ), սակայն մուծել է դեռևս 44.5 միլիոն (14 միլիոն պակաս) ՀՀ դրամ: Բակալավրի հեռակա ուսուցման համակարգի դրական ստացած 113 ուսանողներից 110-ը մուծել է ուսման վճարը և հրամանագրվել որպես ուսանող: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսի բոլոր 14 ուսանողներն էլ մուծել են ուսման վճարը և հրամանագրվել: Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ուսման վճարների մուծման գործընթացը դանդաղ է: Ունենք նաև առկա ուսուցման համակարգի ուսանողներ, ովքեր դարձյալ չեն մուծել ուսման վճարը:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. նախահաշվի մշակման ընթացքի և ուսանողների ուսման վճարների մուծման դինամիկայի մասին Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Մարիետա Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման  հանձնաժողովը ս.թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդյունավետ աշխատել է փաստաթղթի մշակման վրա: Մշակվող ՌԾ-ում որպես նպատակ ներկայացված են զարգացման 3 ուղղություններ՝ բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում: Հանձնաժողովն աշխատել է 3 խմբերով, պարբերաբար կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում  վերջնական ձևավորվել են յուրաքանչյուր նպատակի իրականացման համար անհրաժեշտ խնդիրները, այդ խնդիրների իրականացման համար մշակվել են գործողություններ և վերջնարդյունքի գնահատաման ցուցիչներ: Այժմ հիմնականում իրականացվում են խմբագրման և ցուցիչների հստակեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթվա ընթացքում 1-ին և 3-րդ խմբերը կշարունակեն խմբագրման աշխատանքները, որից հետո հանձնաժողովը կաշխատի միասնական կազմով, և ծրագիրը կբերվի վերջնական տեսքի: Ապա մինչև դեկտեմբերի 20-ը հանձնաժողովը կկազմի նաև ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքի և արդյունքների մասին զեկուցեց վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը: Նա նշեց, որ 2021թ. ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ը, ներկայացնելով հայտադիմումի փաթեթ, հաղթել է և հնարավորություն ստացել իրականացնելու Տավուշի մարզի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները բոլոր բաղադրիչներով հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, տեխնոլոգիա և ՆԶՊ առարկաների համար: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Վերապատրաստումն իրականացվել է առկա և առցանց, ինչպես նաև համակցված մեթոդով (2 ձևերի համադրմամբ), 110 ժամ տևողությամբ: Մասնակիցների ընտրությունը կատարվել է կարգին համապատասխան՝ վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ՝ ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում: Դասընթացներին մասնակցել է 75 ուսուցիչ:

Դասընթացի առցանց իրականացման պայմանների առկայությունը և համապատասխանությունը ծրագրի իրականացման պահանջներին պահպանված էին: Հաղորդակցումը և համագործակցությունը գերազանց էր: Ուսուցիչների մոտիվացիան բավարար էր: Ծրագրված աշխատանքն իրականացվել է բարձր մակարդակով: Լսարանում կարևորվել է ոչ միայն կարգ ու կանոնը, այլև խրախուսվել է դասընթացին վերապատրաստվողների ակտիվ մասնակցությունը, կառուցողականությունը, համագործակցությունը և հանդուրժողականությունը:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգի նախագծի վերաբերյալ զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Նաթելլա Գրիգորյանը: Նիստում առաջարկվեց նախագիծն ուղարկել ոչ միայն տնօրենության անդամներին, այլև համապատասխան ստորաբաժանումներին և կրթական ծրագրերի ղեկավարներին՝ նրանց կողմից դիտարկումներ ու առաջարկություններ ստանալու և լրամշակման ընթացքում դրանք կարգում ընդգրկելու նպատակով:

Ընթացիկ չորրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրայի դասապրոցեսի ընթացքի մասին զեկուցեց հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են ս.թ. նոյեմբերի 15-ից և տևելու են մինչև դեկտեմբերի 4-ը: Դասացուցակները հաստատվել և տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում, այդ մասին իրազեկվել են ուսանողները և դասախոսները: Դասերն իրականացվում են ըստ հաստատված դասացուցակների, առցանց եղանակով՝ Zoom հարթակում: Ըստ ուսումնական պլանի՝ ընթացքի մեջ են մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան և մագիստրոսական թեզերի աշխատանքները:

Ընթացիկ հինգերորդ՝ մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա տնօրենությանն էր ներկայացրել ԵՊՀ ԻՄ-ից ուսանողի հեռացման մասին զեկուցագիր՝ հայտնելով, որ հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը արտերկրում գտնվելու պատճառով չի մասնակցել 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում (ս.թ. հոկտեմբերի 5-30-ը) կազմակերպված արտադրական պրակտիկային և ենթակա է հեռացման:

Հիմք ընդունելով ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի զեկուցագիրը և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի 4-րդ դրույթի 20-րդ կետը` հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Արտակի Դավթյանը հեռացվեց մասնաճյուղից:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: