2021թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Վ.Բախչագյուլյանը (որպես բաժնի վարիչին փոխարինող):
Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.
- Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
- Հաղորդում մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Լ.Բեգինյան):
- Ընթացիկ հարցեր.
- Ուսանողական իրավունքների վերականգնման մասին (զեկուցող՝ Ն.Առուշանյան):
- 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Ն.Գրիգորյան):
- ՀՀ առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի N17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) (զեկուցող՝ Վ.Բախչագյուլյան):
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցող Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի: Քննաշրջանն իրականացվելու է ս.թ. հոկտեմբերի 26-30-ը: Ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում և դրանց մասին տեղեկացվել է դասախոսներին և ուսանողներին: Ֆակուլտետներին են տրամադրվել նաև քննությունների համար նախատեսված տետրերը։ Ա.Դավթյանը նշեց, որ մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Երկրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի համաձայն՝ մասնաճյուղի ուսումնական գործընթացն առաջին կիսամյակում ընդգրկում է 16 պրակտիկա` 6 մանկավարժական, 1 գիտամանկավարժական, 5 արտադրական և 4 ուսումնական: Ըստ ժամանակացույցի՝ մինչև այժմ պրակտիկայի մեջ են համարվում 9 կրթական ծրագրերով 12 կուրսի 158 ուսանողներ: Եվս 3 ուսանող ուսումնական պրակտիկա է իրականացնում որպես տարբերություն:
Բակալավրի կրթական ծրագրով մանկավարժական պրակտիկաները այս տարի ևս կազմակերպվել են Իջևանի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցներում, որի համար հաստատությունների տնօրենների հետ կնքվել են նոր պայմանագրեր: Ընթացակարգի համաձայն՝ նախապես պատրաստվել են գրություններ, կատարվել խմբերի բաժանումներ և նախապատրաստական այլ աշխատանքներ: Իջևանի թիվ 5 դպրոցում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», ինչպես նաև մանկավարժի լրացուցիչ որակավորման «Անգլերեն լեզու և գրականություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 4-րդ կուրսի ուսանողները պրակտիկան սկսել են իրականացնել հոկտեմբերի 4-ից: Առաջին իսկ շաբաթում դպրոցում արձանագրվել է «COVID-19»-ով վարակման դեպքեր ուսուցիչների, աշակերտների և պրակտիկանտների շրջանում: Նշված խմբերի ուսանողների համար պրակտիկայի ղեկավարներին հանձնարարվել է առաջիկա շաբաթներում գործընթացն իրականացնել առցանց եղանակով:
Մագիստրոսի կրթական ծրագրով գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպվել է մարզի 11 դպրոցներում և Իջևանի տարածաշրջանային պետական քոլեջում: Աշխատանքներն իրականացվում են ըստ ղեկավարների կողմից տրվող հանձնարարությունների: Արտադրական պրակտիկաները կազմակերպվել, և գրություններ են ուղարկվել 27 հաստատություններ: Ուսումնական պրակտիկաները կազմակերպվում են մասնաճյուղում և արտահայտված են դասացուցակներում:
Պրակտիկաներին ուսանողների մասնակցության վերահսկողությունն ապահովելու նպատակով պրակտիկայի ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր շաբաթվա վերջում բաժին ներկայացնել ուսանողների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն: Արդյունքները կամփոփվեն և կքննարկվեն առաջիկա օրերին:
Որոշվեց՝ մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի պրակտիկաների կազմակերպման ընթացքի վերաբերյալ Լ.Բեգինյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ առաջին հարցի՝ ուսանողական իրավունքների վերականգնման մասին զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ այս պահի դրությամբ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում հեռակա ուսուցմամբ վերականգնվելու համար դիմել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 10 նախկին ուսանող: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:
Որոշվեց՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի 10 նախկին ուսանողներին թույլատրել վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:
Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցող Ն.Գրիգորյանը նշեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 27 է:
«ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգ»-ի 13-րդ կետին համապատասխան՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները, և դրանք ներկայացվել են ուսանողներին:
2021թ. սեպտեմբերի 17-ին ԿԲԴՎ բաժինը 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ կազմակերպել է առցանց հանդիպում-քննարկում, որը վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:
Ն.Գրիգորյանը հավելեց, որ պարբերական կլինեն հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց իրականացրած աշխատանքներին, առաջարկներին ու հաջող փորձին ծանոթանալու համար:
Որոշվեց՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ երրորդ հարցի մասին զեկուցող Վ.Բախչագյուլյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020թ. օգոստոսի 4-ի N17-Ն հրամանով սահմանված սանիտարական և ԵՊՀ ռեկտորի շրջաբերականով նախատեսված նոր կանոնների պահպանման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից 2021թ. հոկտեմբերի 2-ին տրվել է կորոնովիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին հրաման: Վերջինիս համաձայն՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնին հանձնարարվել է սահմանված կարգով հավաքագրել մասնաճյուղի աշխատակիցների պատվաստման (առաջին և երկրորդ դեղաչափը ստանալու), թեստավորման (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ)), պատվաստման բժշկական հակացուցումների, հղիության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:
Ըստ հավաքագրված տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ-ում ունենք երկրորդ դեղաչափը ստացած և սերտիֆիկատ ներկայացրած 43 աշխատակից, առաջին դեղաչափը ստացած 90 աշխատակից, թեստավորված 70 աշխատակից, 3 հղի և 3 COVID-19-ով վարակված աշխատակից: Տվյալներն ամբողջական չեն, քանի որ մասնաճյուղում ունենք համատեղությամբ աշխատող դասախոսներ, ովքեր դասի են գալիս 2 շաբաթը մեկ պարբերականությամբ, իսկ թեստավորման արդյունքներն էլ մասամբ դեռ հայտնի չեն:
Որոշվեց՝ ՀՀ առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի N17-Ն հրամանի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքի մասին (COVID-19) Վ.Բախչագյուլյանի զեկուցումն ընդունել ի գիտություն: