2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից դասապրոցեսի հետ համատեղ իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսումնական պրակտիկան, որը ՄԿԾ-ով սահմանված վերջնարդյունքներով տվյալ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար պարտադիր գործընթաց է:
Այն հնարավորություն է տալիս ուսանողներին ամրապնդել, լրացնել և խորացնել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները և դրանք կիրառել գործնականում:
Պրակտիկայի տեսական մասն իրականացվել է ZOOM հարթակում, գործնական մասն իրականացվում է պրակտիկայի ժամանակացույցով նշված վայրերի այցելություններով:
2021թ. ապրիլի 22-ին «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները կատարեցին քայլարշավ դեպի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Մաթոսավանք և Ջուխտակ վանքեր: Պրակտիկային մասնակցում էին պրակտիկայի ղեկավար մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, դասախոս Ս.Սաֆարյանը:
Քայլարշավի կանոններին ծանոթանալուց հետո պրակտիկանտները քայլարշավ իրականացրին նախ դեպի Ջուխտակ վանքեր, որտեղ նրանք ներկայացրին երկու վանքերի պատմությունները: Ապա Մաթոսավանք ուղևորվելիս ուսանողները սովորեցին գետանցումը, տարածքում կողմնորոշվելը, ուղեցույց նշաններից օգտվելը: Մաթոսավանքի տեղը որոնելիս նրանք օգտագործեցին կողմնացույց, քարտեզ, իրականացրին խրոնոմետրաժ:
Ուսանողները ծանոթացան ազգային պարկի տարածքի բուսական և կենդանական աշխարհին, որոշ բնական ռեկրեացիոն ռեսուրսներին, գործնականում կիրառեցին տեղանքում կողմնորոշվելու իրենց հմտությունները:
Քայլարշավի ընթացքում ձեռք բերված գիտելիքների, կարողությունների և հմտությունների շնորհիվ ուսանողները կկարողանան ինքնուրույն ուղեկցել զբոսաշրջիկներին այդ վայրեր:
Մայիսի 9-ին կատարվեց ուղևորություն դեպի Ախթալա-Հաղպատ-Օձուն-Հոռոմայր վանական համալիրներ:
Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարը ներկայացրեց Լոռու բնառեկրեացիոն ներուժը, իսկ ուսանողները՝ վանական համալիրների պատմությունը:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին թեք լանջերով իջնելու և բարձրանալու առանձնահատկությունները, անվտանգության կանոնները քարաթափման ժամանակ: Նրանք սեփական աչքերով տեսան էկոլոգիական վտանգի ազդեցությունն Ախթալայում, Հոռոմայրում: Ուսանողները սովորեցին նաև ապահովել անվտանգությունը էքստրեմալ պայմաններում (սաստիկ անձրև, ամպրոպ, կարկուտ), եղանակային անբարենպաստ պայմաններում հաղթահարել բարդությունները: