2021թ. մայիսի 1-ին ZOOM հարթակում կայացավ լեզվաբանական որոշ հարցերի վերաբերյալ 3 ժամանոց մասնագիտական բանավեճ-քննարկում, որին մասնակցեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի և ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի 20 ուսանող:
Այն վարեց մայր բուհի և մասնաճյուղի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Սիրանուշ Հովհաննիսյանը:
Բանավեճ-քննարկման նպատակն էր ապագա մասնագետների մեջ մշակել մասնագիտական համագործակցության տարրական հմտություններ, ինչպես նաև կարծիքների, գիտելիքի ու փորձի փոխանակման էթիկետ:
Քննարկման ընթացքում առաջ էին քաշվել հետևյալ հարցերը.
- Հարց 1. Անահիտ Հարությունյան, ԵՊՀ, ԵԼՀ, 3-րդ կուրսի անունից.
«Ինչպե՞ս է բնութագրվում լեզուն որպես վարք ձեր անձնական տեսանկյունից, և ինչպե՞ս կարելի է վերլուծել «Ես նրան առաջարկեցի, և մենք միասին գնացինք գարեջրատուն, որտեղ նա ճաշակեց իր ցանկացած գարեջուրը» նախադասությունը Բլումֆիլդի՝ լեզուն որպես վարք տեսության համաձայն»:
- Հարց 2. Անուշ Խաչատրյան, ԵՊՀ ԻՄ, ՀԼԳ, 2-րդ կուրսի անունից.
«Ինչո՞վ է պայմանավորված այն, որ որևէ տեքստ ընթերցելիս որոշակի բառերի կամ բառի հնչյունական կազմին հատուկ ուշադրություն չենք դարձնում, թռուցիկ հայացք գցելով` բառը ընկալում ենք ամբողջությամբ, և թեկուզ բառի մեջ լինեն վրիպակներ, միևնույնն է, բառի բովանդակությունը ըմբռնվում է: Արդյո՞ք օտար լեզվով տեքստ կարդալիս առնչվում եք նույն երևույթին»:
- Հարց 3. Լիլիթ Առաքելյան, ԵՊՀ, ԵԼՀ, 3-րդ կուրսի անունից.
«Հնարավո՞ր է արդյոք բանավոր խոսքի ընթացքում ընկալմանը զուգահեռ պատկերացնել նաև նախադասությունների կառուցվածքը՝ պարզ, բարդ և այլն»:
- Հարց 4. Անուշ Խաչատրյան, ԵՊՀ ԻՄ, ՀԼԳ 2-րդ կուրսի անունից.
«Ի՞նչ տեխնիկայով եք մտապահում բառերը օտար լեզուն սովորելիս: Ինչպե՞ս եք սկսում թարգմանել հայերենից օտար լեզուներ, և ինչու՞ է համարվում մայրենիից օտար լեզու թարգմանելը ավելի դժվար»:
Թարգմանության, խոսքի ձևավորման և օտարման, ձևի ու բովանդակության տարբեր հարցերի քննարկումով հագեցած հանդիպումն ավարտվեց ԵՊՀ օտար լեզուների ուսանողուհիներին դասախոսի տված հանձնարարությամբ՝ թարգմանել Լեոնարդ Բլումֆիլդի “Language” աշխատության մի հատված՝ իրենց իսկ ընտրությամբ, 10 էջի սահմաններում, ներկայացնել մինչև մայիսի 20-ը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհիներին հանձնարարվեց թարգմանվող հայերեն տեքստի խմբագրում-սրբագրումը: