2021թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:
Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
- 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացրած պրակտիկաների վերաբերյալ հաշվետվություն:
- 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծություն:
- Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների քննարկում:
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վճարների չափերի քննարկում:
- Ընթացիկ հարցեր:
Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը առաջին հարցի վերաբերյալ նշեց, որ 2020-2021 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների համաձայն՝ մասնաճյուղում առաջին կիսամյակի ընթացքում պետք է իրականացվեր 14 պրակտիկա: Մինչ այժմ իրականացվել է 12 պրակտիկա. երկու պրակտիկա դեռևս ընթացքի մեջ է: ՀՀ-ում հայտարարված արտակարգ, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված՝ պրակտիկաններն իրականացվել են առցանց եղանակով՝ ամբիոններում նախապես հաստատված ծրագրերին համապատասխան: 2020թ․նոյեմբերի 20-ի տնօրենության նիստի որոշման հիման վրա առաջին անգամ ընդհանուր պահանջ է դրվել առցանց պրակտիկաները տեսաձայնագրել հետագա մասնագիտական քննարկումների և պրակտիկայի բարելավման նպատակով։ Առկա ուսուցման համակարգում ուսանողների մասնակցությունը կազմել է 100%, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 82%:
Որոշվեց ընդունել ՄԿՊԿ բաժնի հետևյալ առաջարկությունները.
- Մասնագիտական ամբիոններում պրակտիկաների ծրագրերը քննարկել և հաստատել կրթական ծրագրով սահմանված պրակտիկայի վերջնարդյունքներին համապատասխանելու տեսանկյունից,
- պրակտիկաների ղեկավար նշանակել ոլորտում մասնագիտական հարուստ փորձ ունեցող աշխատակիցների/մանկավարժների,
- պրակտիկաների ծրագրով հաստատված վերջնարդյունքների ձևավորման վերահսկողությունն ապահովել ամբիոնների կողմից,
- ուսումնական պրակտիկաների ծրագրային խնդիրների կատարման (բացառությամբ Կիրառական արվեստի ֆակուլտետի) առցանց կազմակերպման ձևը համարել դրական և այդ փորձը կիրառել նախքան երթուղային եղանակով պրակտիկաների կազմակերպումը,
- մանկավարժական պրակտիկաների ընթացքում ուշադրություն դարձնել ոչ միայն դասավանդման ժամանակակից մեթոդներին, այլև առցանց կրթական գործիքակազմին,
- նախքան արտադրական պրակտիկաների սկսելը (Բնական գիտությունների ֆակուլտետ) ունենալ տեղեկատվություն ուսանողների տեխնիկական միջոցների ապահովվածության վերաբերյալ,
- հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների շրջանում անցկացնել պրակտիկայի կազմակերպումից և անցկացումից բավարարվածության գնահատման վերաբերյալ հարցում:
Երկրորդ հարցի վերաբերյալ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը եղել է 24, 12-ը՝ եզրափակիչ գնահատումով, 10-ը՝ առանց եզրափակիչ գնահատման և 2-ը՝ առանց ընթացիկ գնահատման:
Ն.Գրիգորյանը նշեց, որ առաջին կիսամյակում ամիսը մեկ պարբերականությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը բաժնի հետ համատեղ կազմակերպել է հանդիպում-քննարկումներ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության, կատարման, գնահատման հետ կապված տարաբնույթ հարցեր: Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում ընթացիկ քննություններով գնահատվող հետազոտական աշխատանքների ընդհանուր թիվը 127 է, որից 15 աշխատանք չի ներկայացվել, 0 միավոր է գնահատվել 2 աշխատանք, 1 միավոր՝ 2 աշխատանք, 2 միավոր՝ 12 աշխատանք, 3 միավոր՝ 19 աշխատանք, 4 միավոր՝ 26 աշխատանք, 5 միավոր՝ 51 աշխատանք:
Ընթացիկ ստուգումներով գնահատվող հետազոտական աշխատանքների թիվը 111 է, որից 2 աշխատանք չի ներկայացվել, 2 միավոր գնահատվել է 1 աշխատանք, 4 միավոր՝ 5 աշխատանք, 5 միավոր 13 աշխատանք, 6 միավոր՝ 13 աշխատանք, 7 միավոր՝ 8 աշխատանք, 8 միավոր՝ 15 աշխատանք, 9 միավոր 14 աշխատանք, 10 միավոր՝ 40 աշխատանք:
Որոշվեց.
- հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությունն ընդունել ի գիտություն,
- հանձնարարել դեկաններին ֆակուլտետային գիտական խորհուրդներում կազմակերպել հետազոտական աշխատանքների կատարման ամբիոնային վերլուծությունների քննարկումներ:
Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ընթացքի մեջ են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի երկրորդ կիսամյակի ժամանակացույցների մշակման աշխատանքները, որոնք մինչև հունվարի վերջը կներկայացվեն տնօրենի հաստատմանը: Երկրորդ կիսամյակի առկա ուսուցմամբ դասապրոցեսը նախատեսվում է սկսել ս.թ. փետրվարի 9-ից, իսկ հեռակա ուսուցմանը՝ մարտի 9-ից:
Որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին մինչև 2021թ. հունվարի 30-ը ՈՒՄՎ ներկայացնել ֆակուլտետների դասացուցակները:
Չորրորդ հարցի վերաբերյալ Ա.Մակարյանը նշեց, որ երկար տարիներ անփոփոխ մնալուց հետո, հաշվի առնելով, որ մասնաճյուղում վարձավճարները ամենացածրերից են հանրապետությունում, անցյալ տարի գիտխորհրդի որոշմամբ վերանայվել են 5 մասնագիտության վարձավճարները: Քննարկումների ժամանակ գիտխորհրդում առաջարկ էր հնչել տարեկան փոքր բարձրացումների միջոցով վարձավճարները համապատասխանեցնել մասնաճյուղի ծախսերին, տարադրամի փոխարժեքի փոփոխություններին և այլ գործոնների: Բացի այդ՝ կառավարությունը պլանավորում է ավելացված արժեքի հարկով լրացուցիչ 20%-ով հարկել ուսումնական հաստատությունները:
Որոշվեց 2021-2022 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձաչափերի փոփոխման հարցը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը:
Առաջին ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ժիրայր Արմենի Մատինյանին, ով պատերազմական իրավիճակում կորցրել է փաստաթղթերը և դիմել է մասնաճյուղ՝ դիպլոմի կրկնօրինակը ստանալու համար:
Որոշվեց բավարարել շրջանավարտի դիմումը:
Երկրորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ֆակուլտետների գիտական խորհուրդների երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանների քննարկմանը:
Ա.Մակարյանը նշեց, որ ներկայացված պլանները հիմնականում վերաբերում եմ կազմակերպական աշխատանքներին և ստացվում է, որ ուշադրությունից դուրս են մնում ամբիոններում բովանդակային գործունեության քննարկումները և վերլուծությունները, կրթության որակի հետ կապված հարցերը:
Որոշվեց հանձնարարել գիտական քարտուղարին, ՈՒՄՎ-ին և ՄԿՈԱ բաժնին մինչև հունվարի 25-ը պատրաստել և տնօրենին ներկայացնել այն գործողությունները, որոնք պետք է պարտադիր ներառվեն ֆակուլտետների աշխատանքային պլաններում, դրանց հիման վրա վերանայել ֆակուլտետների պլանները և ներկայացնել տնօրենի հաստատմանը: