2020թ. հուլիսի 4-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:
Ելնելով ստեղծված պայմաններից՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել է 2 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով: Քննություններից մեկ օր առաջ ախտահանվել են քննական կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր ջերմաչափվել են, պահպանվել են պարետի բոլոր կարգադրությունները:
Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննությունն անցկացվեց 2 օր՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրեցին վիճակահանությամբ: Ըստ նախապես հրապարակված ընդունելության ծրագրի՝ «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 առարկայից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 10, իսկ «Դիզայն» կրթական ծրագրով՝ 11 դիմորդ:
Գնահատման չափանիշները նույնպես նախօրոք հայտնի էին դիմորդներին։ Հանձնաժողովի անդամները գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումն ու նյութականության ստացումը և հորինվածքի եզրափակիչ մշակումը:
Կատարված աշխատանքները վկայում են դիմորդների պատրաստվածության մասին: Բոլորը դիմորդները կարողացան հաղթահարել առաջադրված շեմային պահանջները:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունվելու կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մեր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսումնատենչ ոգի, անկոտրում կամք և նպատակասլացություն: