Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության հայտարարումից հետո ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, այլ ուսումնական հաստատությունների պես, անցավ էլեկտրոնային կրթության և սկսեց դասերն անցկացնել առցանց հարթակների և գործիքների կիրառումով։ Իսկ մարտի 31-ից սկսած՝ արդեն ավելի քան մեկ ամիս առկա ուսուցման համակարգի դասերն իրականացվում են միասնական Zoom հարթակում, ըստ 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի համար հաստատված դասացուցակների: Այդ մեկ ամսվա արդյունքների՝ առցանց դասերի իրականացման ընթացքի, բացահայտված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների մասին զրուցեցինք ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետների դեկանների հետ:
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մանվել Զաքարյանը, առցանց դասերի մեկ ամիսն ամփոփելով, մասնավորապես նշեց. «Ֆակուլտետում դասավանդող բոլոր դասախոսները շատ կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրեցին և յուրացրին Zoom հարթակի առանձնահատկությունները և անցան առցանց դասապրոցեսին: Դասախոսների և ուսանողների համար շատ օգտակար եղան մասնաճյուղի ՏՀՍԶ բաժնի կողմից մշակված Zoom հարթակի կիրառման ուղեցույցները։ Դասավանդումն իրականացվում է՝ համաձայն ֆակուլտետում գործող դասացուցակի․ շեղումները հիմնականում պայմանավորված են լինում տեխնիկական պատճառներով։ Բոլոր տեսակի դասաժամերի փոփոխությունների մասին իրազեկվում են և՛ ֆակուլտետի դեկանը, և՛ ամբիոնների վարիչները, և՛ Ուսումնամեթոդական վարչությունը: Ուսանողների մասնակցությունը դասերին կազմել է 65-70%: Ֆակուլտետում ընթացքի մեջ է ավարտական կուրսերի քննաշրջանը։ Ուսումնամեթոդական վարչության և տնօրենության հետ միասին մեթոդներ ենք փնտրում ուսանողների մասնակցության ակտիվության բարձրացման համար»:
Հումանիտար գիտութունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամբողջ մասնաճյուղով միասնական Zoom հարթակով առցանց ուսուցման անցման նպատակը վերահսկելի դասապրոցեսի իրականացումն էր՝ ուսումնական պլաններին համապատասխան: Առաջին շաբաթվա ընթացքում եղել են որոշ խնդիրներ՝ պայմանավորված տեխնիկական հանգամանքներով, համացանցի հետ կապված անհարթություններով․ դասախոսական համակազմի որոշ ներկայացուցիչներ չունեին անհրաժեշտ համակարգչային և առցանց դասավանդման հմտություններ, որոշ ուսանողներ՝ տեխնիկական համապատասխան միջոցներ և այլն, որոնք աստիճանաբար շտկվել են: Մինչև ապրիլի 14-ը լրացուցիչ դասեր են դրվել ավարտական կուրսերի ուսանողների համար, որպեսզի մինչև քննաշրջանը շտկվեն որոշ դասընթացներում եղած բացթողումները: Առաջինից երրորդ կուրսերում դասերն իրականացվում են ըստ դասացուցակի: Պիտի արձանագրենք, որ և՛ դասախոսական համակազմը, և՛ ուսանողները բավական արագ հարմարվեցին և ընտելացան դասավանդման նոր ձևին և պայմաններին: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը դասընթացներին միջինում կազմում է 77.3 %»:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Ավետիսյանը մասնավորապես նշեց. «Տնտեսագիտության ֆակուլտետում առցանց ուսուցման առաջին շաբաթվա բոլոր խնդիրներն արդեն վերացվել են, դասապրոցեսն ընթանում է իր հունով, և նույնիսկ լրացվել են մարտ ամսվա բացթողումները: Ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը առցանց դասընթացներին բավականին բարձր է՝ շուրջ 80-90 %: Բոլոր դասավանդողները, ուսանողները, ինչպես նաև առցանց կրթության կազմակերպման համար պատասխանատու անձնակազմը դասապրոցեսին վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ և ըմբռնումով: Ելնելով իրավիճակից՝ առցանց եղանակով է իրականացվել նաև ավարտական կուրսերի քննաշրջանը, որի վերլուծության արդյունքները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ինչպես ավարտական աշխատանքների պաշտպանությունը, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջինից երրորդ կուրսերի քննաշրջանը:
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ մասնաճյուղի ղեկավարության, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների արդյունավետ համագործակցության շնորհիվ ունեցանք առցանց դասապրոցեսի համակարգված իրականացում. փոխվեց ուսանող-դասախոս փոխհարաբերությունների բնույթը, կրթության մատուցման ձևաչափը, ներդրվեց աշխատանքների կազմակերպման նոր համակարգ»:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը, ամփոփելով մեկ ամսվա արդյունքները, նշեց. «Մեր ֆակուլտետի մասնագիտական դասընթացները պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ․ դրանց մեծ մասը գործնական դասաժամեր են, և պահանջում են դասախոսի անմիջական մասնակցություն ու միջամտություն ուսանողի աշխատանքին։ Չնայած առկա տեխնիկական դժվարություններին ու անհարմարություններին՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները հաջողությամբ են կատարում կրթական մոդուլներում նկարագրված առաջադրանքները: Վերոնշյալ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, քանի որ դասախոսները, տիրապետելով Zoom-ի ընձեռած հնարավորություններին և նախապես էլեկտրոնային նյութեր պատրաստելով, դասապրոցեսը է՛լ ավելի հագեցած ու հետաքրքիր են դարձնում»:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: