2019թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը: Նիստին, գիտական խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Օրակարգային հարցերին անցնելուց առաջ ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով մարզի զարգացման ռազմավարության իրականացման մեջ մասնաճյուղի դերին, կրթական համակարգի արդի մարտահրավերներին՝ մասնագիտական ճիշտ կողմորոշմանը, սովորողի մոտիվացիային, անհատական ստեղծագործ մոտեցմանը վերաբերող խնդիրներին։ Որպես կրթական համակարգի գերխնդիր նա նշեց հակասությունը կրթական ռեսուրսների գլոբալացման և կրթության կազմակերպման կոշտ շրջանակաների միջև, որը խոչընդոտում է նորարությանը և ստեղծագործ մոտեցմանը. «Իմ կարծիքվ՝ համալսարանի խնդիրը, որը պիտի արտացոլված լինի նրա գործունեության ռազմավարության մեջ, նախ և առաջ մեր սերունդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումն է: Այն մասնագիտությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն այսօր աշխարհում, ավելի մրցունակ են, ցավոք, դեռևս պահանջարկ չունեն մեր երեխաների և ծնողների մոտ: ...Մասնագիտական կրթությունն այլևս համալսարանից չի սկսվում, այն սկսվում է ավելի վաղ տարիքից: Շատ կարևոր է, որ համալսարանի ռազմավարության մեջ արտացոլված լինի հանրակրթություն և համալսարան կապը: Դա ոչ միայն պետք է արտացոլվի հանրակրթական հաստատություններ այցելություններով համալսարանը կամ նույնիսկ մասնագիտությունները ներկայացնելով, այլև դա պետք է ներառված լինի կրթական ծրագրերի, այն դասընթացների մեջ, որոնք իրականացվում են դպրոցներում, դա պետք է արտացոլված լինի համայնքային կյանքում և համայնքային միջոցառումների մեջ:...Կրթական գործընթացի մեջ այսօր չափազանց կարևոր է աշակերտների և ուսանողների մոտիվացիան, ինչպես մոտիվացնել սովորողին, որպեսզի ինքը սովորի... Մենք կրթությունը պիտի զարգացնենք նորարարական, ստեղծագործ և անհատական մոտեցումներով...»:

Մարզպետի ելույթին ի պատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել մասնագիտական կրթության հիմնախնդիրների հանրապետական քննարկում՝ բուհերի որակի ապահովման պատասխանատուների և կրթության փորձագետների մասնակցությամբ՝ գտնելու հնարավոր լուծումներ: 

Այնուհետև Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին հաշվետվություն, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և
ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի, 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) վերաբերյալ և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի հաշվետվության ներկայացումից հետո ելույթ ունեցավ գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ մասնավորապես անդրադառնալով համալսարան – ՏՏ ոլորտ կապի զարգացման հնարավորություններին, ԵՊՀ ԻՄ-ում ագրարային ոլորտի կարճաժամկետ ծրագրերի ներդրման, բնագիտական լաբորատորիաների հիմնադրման միջոցով հետազոտական բաղադրիչի ուժեղացմանը, համալսարանում բաց դռների օրեր կազմակերպելու միջոցով դպրոցականներին մասնագիտական կողմնորոշում տալու առավելություններին:    

ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-2019 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը որոշվեց ընդունել ի գիտություն, մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Մասնաճյուղի` 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ տնօրենի զեկուցումը որոշվեց ընդունել ի գիտություն, իսկ վերջինիս գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա և ներկայացնել հաստատման:

Որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին։

Ընթացիկ հարցերից էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրությանը (2018-2019 ուստարի), մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգին վերաբերող հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության (2018-2019 ուստարի) մասին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքների վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսան Մարգարյանի հաշվետվությունը ևս ընդունվեց ի գիտություն:

Գիտխորհուրդը որոշեց՝

  • հաստատել ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
  • ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 7 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, երջանկություն, մասնագիտական և անձնական հաջողությունններ ու ձեռքբերումներ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: