2019թ. դեկտեմբերին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատունը Երևանի «Դվին մյուզիք-հոլ» հյուրանոցի ընդարձակ սրահում կազմակերպել էր մեծ ընդունելություն ԱՄԷ Ազգային օրվա՝ Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ:
Ներկա էին շուրջ 1000 հյուրեր, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Երկու երկրների հիմները հնչեցնելուց հետո ելույթ ունեցան ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իսա ալ-Կատտամ ալ-Զաաբին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ընդունելության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, տեղի ունեցավ ՀՀ լավագույն ուսանողների պարգևատրման արարողություն, որն իրականացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պարգևատրվեցին ՀՀ պետական 14 բուհերի մեկական ուսանողներ՝ բարձր տեխնոլոգիաների և հարակից այլ մասնագիտությունների գծով:
Նրանց թվում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:
Որպես մրցանակ նախատեսված է եռօրյա այցելություն Արաբական Միացյալ Էմիրություններ: 14 լավագույն ուսանողներ և 6 պատանիներ կայցելեն ԱՄԷ համալսարաններ և տեխնոլոգիական կազմակերպություններ, կծանոթանան բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ առաջավոր փորձին:
Նյութի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումներով.
- https://www.gov.am/am/news/item/14038/ ,
- https://www.panorama.am/am/news/2019/12/03/%D4%B1%D5%84%D4%B7-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6/2205349 :