2019թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանում գործող «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (նախկինում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»), որը ՀՀ միակ ֆոնդային բորսան է:
Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի մասնագետները մեր ուսանողների համար անցկացրին «Ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները» և «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները» թեմաներով սեմինարներ:
Նախ՝ սեմինարարավարները համալսարանականներին շնորհավորեցին ԵՊՀ-ի 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, ապա հարց ու պատասխանի ձևով անցկացրին սեմինարները:
Սկզբում ներկայացվեցին կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները:
Այնուհետև Լևոն Մովսիսյանը պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրեց ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները:
Ուսանողները սեմինարավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին արժեթղթերի շուկայի գործիքներին, բորսայի կապիտալին, նրանցից ստացան սպառիչ պատասխաններ: Լ․Մովսիսյանին ուսանողները լրացուցիչ խնդրեցին ավելի պրակտիկ մեկնաբանել քլիրինգը և պրոցեսինգը: Իրենց հերթին ուսանողները հաջողությամբ պատասխանեցին ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքման մասին իրենց ուղղված հարցերին, ապա համեմատական անցկացրին ՀՀ ֆոնդային բորսայի և ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային մթնոլորտների միջև:
Սեմինարների վերջում մարքեթոլոգները պատմեցին բորսայական հայտնի ավանդույթի՝ զանգի մասին: Ուսանողները հետաքրքրությամբ լսեցին պատմությունը՝ իրենք էլ օրինակներ բերելով Ուոլ Սթրիթում գործող Նյու Յորքի ֆոնդային բորսայի՝ Մեծ հարթակի աշխատանքներից:
Հանդիպման վերջում «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նշելով, որ իրականացված բովանդակային քննարկումներն ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները, նրանք հավելեցին, որ ուղղակի սիրահարված են բորսայական աշխատանքներին: