2019թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից մեկնարկեց համալսարանի 100-ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան պաշտոնական հանդիսություն և համերգ, որոնց հրավիրված էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակ ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի գլխավորությամբ:

Քայլերթին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, հրավիրյալ հյուրեր 21 երկրներից, ՈՒԽ անդամներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ և ԵՊՀ օրհներգերով մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որից հետո ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազգի մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի՝ 20-րդ դարի կյանքի ընթացքում (ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս հետևյալ հղումով):

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր ելույթում ընդգծեց. «Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն մշտապես միջազգային հանրությանը և համաշխարհային քաղաքակրթությանը ներկայանալու է որպես հզոր գիտակրթական ու մշակութային կառույց, մարդկային կապիտալի արժեքավոր ու մտավոր ներուժի անհուն շտեմարան» (ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթը տե՛ս հետևյալ հղումով):

Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիմանն իր ելույթում շեշտեց, որ թեև համալսարանն իր գործունեությունը սկսել է ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում կարողացել է ավելացնել ուսանողների և ֆակուլտետների թիվը, բացել նոր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ (Պրահայի Կարլի համալսարանի ռեկտորի ելույթի մասին տե՛ս հետևյալ հղումով՝):

Տոնական համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյան և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:

Հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, «Դիմակահանդես» դրամայից, Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից: Հնչեց նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը, որի մենակատարն էր Հայկ Կազազյանը: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, իսկ տոնական համերգի հանդիսավարներն էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: