DSCN8989

 2019թ. հունիսի 10-ին «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Բացման խոսքով հանդես եկավ «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի դասավանդող,  Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Արթուր Աղաբաբյանը: Նա ողջունեց ցուցադրության բոլոր այցելուներին ու մասնակիցներին, ներկայացրեց ցուցադրության կազմակերպման նպատակը. «Քանի որ նախորդ տարի ունեցանք լուսանկարչական աշխատանքների շատ հաջող ցուցադրություն, որոշեցինք այս տարի էլ կազմակերպել և ցուցադրությունը դարձնել ավանդական»:

Նախաձեռնությունը ողջունեց և նման միջոցառումների կազմակերպումը կարևորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ ընդգծելով, որ դրանք կարող են մոտիվացնել ուսանողներին՝ մասնագիտանալու այդ ուղղությամբ: 

Այս տարի էլ ցուցադրված էին գեղարվեստական բարձր մակարդակով արված աշխատանքներ, որոնք իրենց որակական ու տեխնիկական հատկանիշներով չէին զիջում ժամանակակից պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներին:

Ցուցադրությունն ընդգրկում էր յուրաքանչյուր ուսանողից 3 լավագույն աշխատանք, որոնք «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում համատեղ ընտրվել էին դասախոսի և ուսանողի կողմից:

Մեծ մասամբ ներկայացված էին գեղարվեստական լուսանկարչության ժանրի աշխատանքներ, որոնք կոմպոզիցիայի և ստեղծագործական մտքի ճիշտ կառուցման արդյունք էին:

Ցուցադրված էին նաև ռեպորտաժային լուսանկարներ, որոնցում պատկերված էին առօրյա կյանքում հանդիպող իրավիճակներ, կենցաղային ուշագրավ դրվագներ:  

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը մեծ տպավորություն գործեց այցելուների վրա. այն կտևի մինչև ս.թ. հունիսի 15-ը:

Սիրով հրավիրում ենք ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ՝ ցուցադրությունը դիտելու:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: