Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children's Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:
Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր:
Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների և նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաև Ժնևում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ:
1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են, որպես երեխաների երջանկության երաշխիք, հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին, անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:
1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Սիրով շնորոհավորում ենք աշխարհի բոլոր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով անսպառ խինդ ու բերկրանք, անհոգ ու երջանիկ մանկություն: