2019թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորման արվեստանոցում տեղի ունեցավ «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ դիզայներների միության անդամ, անվանի դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի և մասնավորապես Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:
Դաս-քննարկման ընթացքում Ֆաինա Հարությունյանն իր առաջավոր փորձը փոխանցեց, հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների ուսանողներին:
Հայտնի դիզայներն անդրադարձավ հագուստի վաճառքի ուղիներին, ներկայացրեց, թե որտեղից կարելի է սկսել, և ինչպիսի ճանապարհ է անցել հենց ինքը:
Նա խոսեց գովազդի միջոցների մասին և խորհուրդ տվեց հասկանալ անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջը, բացատրեց, թե ինչ է թրենդը, որոնք են գալիք տարվա նորաձևության միտումները:
Ընդգծվեց, որ հագուստի դիզայնի մեջ հարկավոր է ճանաչել բոլոր դիզայներներին ոճով, հագուստի շարքով:
Այն հարցին, թե ինչպես է գին որոշվում, Ֆաինան պատասխանեց, որ բոլոր դիզայներներն ունեն իրենց գաղտնիքը. ինքը հագուստի գինը որոշում է այնպես, որ զեղչի ժամանակ չունենա կորուստ:
Ուսանողներին տրված նրա գլխավոր խորհուրդն այն էր, որ բաց չթողնեն առիթը սովորելու (որքան հնարավոր է շատ), աշխատեն, գծեն, ձևեն ու կարեն:
Խանդավառությամբ լեցուն Ֆաինա Հարությունյանը ոգեշնչող, վարակիչ ազդեցություն ունեցավ ուսանողների վրա, նրանց մղեց ստեղծագործելու և աշխատելու: