DSCN5940

 2019թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել ավարտական աշխատանք» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը:

 Քննարկմանը ներկա էին մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողներ:

 «Գիտահետազատական  աշխատանք  կատարելու  հիմնական  սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպված սեմինար-քննարկման նպատակն էր ավարտական կուրսերի ուսանողներին հաղորդակից դարձնել ավարտական աշխատանքների կատարման մեթոդաբանությանը և մեթոդներին, դրանց ձևավորման և ձևակերպման կանոններին, ուսանողներին պատրաստել ավարտական աշխատանքների պաշտպանությանը, նրանց ներկայացնել հրապարակային պաշտպանության ժամանակ աշխատանքների գնահատման սանդղակը:

 Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտության առանձնահատկությունները՝ գործընթացի նպատակաուղղվածությունը, անհայտի բացահայտումը, նորի որոնումը և հետազոտության հատուկ մեթոդների օգտագործումը:

 Տրվեց ավարտական աշխատանքի՝ որպես գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, այն է՝ ավարտական աշխատանքն ուսանողի մասնագիտական որակավորումը՝ տեսական ու գործնական պատրաստվածությունը հաստատող ուսումնասիրություն է: Բակալավրի ավարտական աշխատանքն ինքնուրույն, տեսական կամ կիրառական նշանակության աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու և լուծումներ առաջադրելու հմտություններ:

 Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, այսինքն՝ բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն ուսումնասիրել՝ լինել գիտականորեն օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից, քանզի գիտության մեջ նորի էությունը ոչ միշտ է տեսանելի հետազոտողին:  

DSCN5951Ընդգծվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

 Նշվեց, որ գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, կարևոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը:   

 Անդրադարձ կատարվեց նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

 Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

 Ամփոփելով սեմինարի ընթացքում քննարկված հարցերն ու խնդիրները՝ պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ հետևությունները.

  • գիտահետազոտական աշխատանք գրելիս հեղինակը պետք է իմանա գիտական հետազոտություն կատարելու հիմնական սկզբունքները,
  • ուսումնասիրության թեմայի ընտրությունից ու հաստատումից հետո անհրաժեշտ է զբաղվել թեմային առնչվող նյութերի՝ սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հավաքմամբ («մրջյունի» փուլ),
  • այնուհետև հարկ է ընթերցել հավաքված գրականությունը՝ ընթացքում առանձնացնելով ուսումնասիրության թեմային վերաբերող նյութերը («մեղվի» փուլ):  

 Վերջում սեմինար-քննարկման մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: