2019թ. հունվարից նախաձեռնել ենք «Հաջողության բանաձև» թեմայով հարցազրույցների շարք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների հետ, ովքեր հասել են որոշակի հաջողությունների:

Իր հիմնադրումից մինչև օրս մասնաճյուղը տվել է շուրջ 6000 շրջանավարտներ, որոնցից շատերն արդյունավետ կերպով աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բուհական և բանկային համակարգում և այլն: Նրանք՝ որպես բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներ, կարող են օրինակ ծառայել իրենցից կրտսերների, մեր ներկա և ապագա ուսանողների, ընդհանրապես տարածաշրջանի երիտասարդների համար, մոտիվացնել նրանց կյանքում հասնելու ինչ-որ հաջողությունների, գրանցելու առաջընթաց:

2019թ. հունվարի 17-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 1999թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մհեր Սերգեյի Աթոյանի հետ:

- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

- Ծնվել եմ 1976թ. նոյեմբերի 1-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում:

- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ/ամուսնու, զավակների) մասին:

- Ուսուցիչների ընտանիքի զավակ եմ. մայրս՝ Ծովինար Մխիթարյանը, ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրս՝ Սերգեյ Աթոյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, քույրս և եղբայրս նույնպես ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ են: Կինս՝ Գայանե Ավետիսյանը, ևս մասնաճյուղի շրջանավարտ է՝ մասնագիտությամբ տնտեսագետ: Ունեմ երեք երեխա՝ 1 տղա, երկու աղջիկ:

- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

- Ես փոքր հասակից հետաքրքրվել եմ բնության հետ կապված երևույթներով:

- Ի՞նչ կրթություն եք ստացել:

- 1989-1993 թթ. ուսանել եմ Երևանի Անանիա Շիրակացու անվան ազգային ճեմարանում:

1994-1996 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում:

1999 թվականին կարմիր դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը, ստացել ֆիզիկայի բակալավրի աստիճան:

1999-2001 թթ. ուսանել եմ ԵՊՀ-ի մագիստրատուրայում և ստացել ֆիզիկայի մագիստրոսի աստիճան:

2001-2005 թթ. եղել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ, մասնագիտացումը` «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» (Չափայնորեն քվանտացված համակարգեր և նանոկառուցվածքներ): 2005թ. մայիսի 21-ին 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2018 թվականին ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

 - Այդ տարիներին ԵՊՀ ԻՄ-ի բացումը Տավուշի մարզում որոշիչ դեր է խաղացել իմ կյանքում:

- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

- 1999-2000 թթ. աշխատել եմ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, որպես ավագ լաբորանտ  զբաղվել եմ լազերային բյուրեղների աճով:

2004-2007 թթ. աշխատել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում որպես ասիստենտ:

2007-2009 թթ. եղել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան:

2008-2013 թթ. եղել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

2013-2014 թթ. եղել եմ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական:

2014 թ.-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական քարտուղարն եմ:

2017 թ.-ից ԵՊՀ ԻՄ-ի գիտակազմակերպական բաժնի վարիչն եմ:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

-Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը: Ընդհանրապես նախընտրում եմ կարդալ հոգեբանական և փիլիսոփայական գրքեր:

- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:-

-Ըստ տրամադրության՝ լսում եմ տարբեր երաժշտություն:

- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- Հայկական ֆիլմերից՝ «Մենք ենք, մեր սարերը», արտասահմանյան ֆիլմերից՝ «Ավատար»-ը:

- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

- Սիրում եմ սպորտով զբաղվել. նախընտրում եմ սեղանի թենիս և շախմատ:

- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

- Միշտ կարոտում եմ հայրենի գյուղիս բնաշխարհը, որքան էլ հաճախ այցելեմ այնտեղ:

- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

- Ազնվություն, աշխատասիրություն, պարտաճանաչություն, ներելու ունակություն:

- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

- Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն:

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Չեմ դավաճանի:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախենում եմ ժամանակի մեջ չտեղավորվել:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ չարածներիս համար:

- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

- Իրավիճակն օբյեկտիվ վերլուծելու ցանկությունը, ուրիշների սխալներից դասեր քաղելու սովորությունը և վճռականությունը:

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ընտանիքս և ընկերներս:

- Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Նպատակասլացություն + կարգապահություն + աշխատասիրություն + ազնվություն + իրավիճակը սթափ գնահատելու կարողություն = հաջողություն:

- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

- Ով ինչ անի, իրեն կանի:

- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

- Սովորե՛ք սովորել:

- Շնորհակալություն հարցազրույցին մասնակցելու համար, պարո՛ն Աթոյան:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: