IMG_8628 2018թ. դեկտեմբերի 1-3-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում տեղի ունեցավ «Հռետորական հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց, որն իրականացրեց «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի 3 տասնյակ երիտասարդներ, որոնց մեծամասնությունը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ էին:

Հռետորական հմտությունների զարգացման դասընթացի նպատակն էր նպաստել երիտասարդների հաղորդակցման և հանրային խոսքի հմտությունների զարգացմանը: Երեք օր տևած ինտենսիվ դասընթացի ընթացքում երիտասարդները ծանոթացան հռետորական արվեստի նրբություններին՝ խոսքի զարգացման հնարքներից մինչև հուզմունքի ու վախի հաղթահարման մեթոդներ:

Սեմինարները վարեցին «Հարմոնիա» ՀՀԶԿ-ի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մկոյանը, հոգեբան, բազմաթիվ գրքերի հեղինակ Հրաչյա Ամիրյանը և "Mkoyan and Partners Law Firm" իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փորձագետ Սամվել Մկոյանը:

Դասընթացն իրականացվում էր ինտերակտիվ մեթոդներով, յուրաքանչյուր թեմայի ժամանակ մասնակիցները պրակտիկ վարժությունների միջոցով ամրապնդում էին ստացած գիտելիքները: Սեմինարավարներն աշխատում էին մասնակիցներին հնարավորինս շատ և օգտակար գիտելիքներ փոխանցել, որոնք իսկապես կնպաստեն մասնակիցների հմտությունների զարգացմանը։

Մասնակցիները մեծ ոգևորությամբ էին լսում բոլոր խոսնակներին, ներկայացնում էին իրենց տեսակետները և կարծիքները, խոսում էին իրենց ստացած տպավորությունների և գիտելիքների մասին։

Երրորդ օրը մասնակիցները հանդես եկան ելույթներով և տեղում ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ստացել էին դասընթացի շրջանակում:

«Հարմոնիա» ՀՀԶԿ-ի նախագահ, ծրագրի պատասխանատու Աշխեն Մկոյանը ծրագիրն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Դասընթացն ունեցավ ավելի մեծ արձագանքներ, քան մենք սպասում էինք, ինչի համար անչափ ուրախ եմ։ Երիտասարդների զարգանալու անհագ ձգտումը և ոգևորությունը տեսնելով՝ կրկին համոզվեցինք, որ նման ծրագրերը պետք է հաճախակի բնույթ կրեն։ Շնորհավորում եմ մեզ և բոլոր մասնակիցներին՝ կայացած ծրագրի համար»:

Վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

Ծրագրի ինֆորմացիոն գործընկերներն էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները, ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնը, «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն և «Ստեղծամիտ երիտասարդների միություն» ՀԿ-ն։

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: