2018թ. նոյեմբերի 26-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կարիերայի զարգացում» թեմայով քառօրյա դասընթացը, որը «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն, Եվրոպական Միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ծրագիրը նպատակաուղղված է ապահովելու Տավուշի մարզի համայնքների միջև առավել համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր, ինչպես նաև զարգացնելու երիտասարդների կարողությունները:

Մասնաճյուղում կազմակերպված «Կարիերայի զարգացում» թեմայով դասընթացի նպատակն էր աջակցել բուհի ուսանողներին, շրջանավարտներին, գործազուրկ երիտասարդներին հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու ռազմավարություն/գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավարտական կուրսերի 59 ուսանողներ, շրջանավարտներ և աշխատանք փնտրող անձինք:

Կարիերայի զարգացման դասընթացը վարում էր Մարինա Պողոսյանը՝ MBA, CMC միջազգային որակավորված խորհրդատու և քոուչ, «Մենեջմենթ Սիսթեմս քընսալթինգ» ընկերության տնօրեն: Ավելի քան քսան տարի նա իր ներդրումն է ունեցել Հայաստանի խորհրդատվական շուկայի զարգացման մեջ՝ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Քեմոնիքս Ինտերնաշնլ», «Նատան Ասոշիիտս», «Ջ. Ի. Ոստին Ասոշիիտս»: Մարինան նաև ավագ դասընթացավար է Կանանց ձեռներեցության ծրագրում, որն իրականացնում է Ամերիկյան համալսարանը Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ֆինանսավորմամբ: Համագործակցելով Եվրոպական բանկի հետ՝ Մարինան դասընթացներ է վարում տարբեր երկրներում՝ ուսուցանելով կառավարման խորհրդատուներին:

Դասընթացն անցկացվեց գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև օգտվելու դասընթացավարի հետ 4 ժամ անհատական խորհրդատվությունից:

«Կարիերայի զարգացում» թեմայով դասընթացի վերջում մասնակիցները`

  • Իմացան կարիերա և աշխատանք հասկացությունների հիմնական տարբերությունները:
  • Կարողացան ձևավորել կարիերային վերաբերող SMART նպատակ:
  • Իմացան կոմպետենցիայի սահմանումը և բացահայտեցին այն կոմպետենցիաները, որոնք առկա են իրենց մեջ, և որոնց հարկավոր է զարգացնել իրենց կարիերայի նպատակին հասնելու համար:
  • Զարգացրին հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս:
  • Բացահայտեցին աշխատանք գտնելու խոչընդոտները և գտան դրանց լուծումները:
  • Մշակեցին իրենց կարճ կենսագրությունը (CV) և ուղեկցող/մոտիվացիոն նամակի օրինակ:
  • Իմացան հաջողված հարցազրույցի գրավականները:
  • Բացահայտեցին աշխատանքի որոնման գործիքները:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: