2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթաց, որը վարեց WWF  Հայաստան (World Wildlife Fund, բնության համաշխարհային հիմնադրամ) միջազգային կազմակերպության  ֆոնդահայթայթման և համագործակցության մենեջեր Հայկ Տիրատուրյանը:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Ֆոնդահայթայթում» դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «ֆոնդահայթայթում» տերմինին, պարզաբանել ֆոնդահայթայթման տեսակները և միտումները, ներկայացնել ֆինանսավորման համար WWF Հայաստան միջազգային կազմակերպության կողմից ներկայացվող ծրագրերը:

Դասընթացավար Հայկ Տիրատուրյանը բացատրեց «քրաունդֆանդինգ» (Crowdfunding, crowd - բազմություն, fund - ֆինանսավորել) միջազգային եզրույթը, որը համարվում է ֆոնդահայթայթման կարևորագույն տեսակներից մեկը, նշեց վերջինիս առավելությունները, թերություններն ու ռիսկերը:

Ներկայացվեց լավագույնս ֆինանսավորված՝ GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ ունեցող բազմաֆունկցիոնալ դրամապանակներ արտադրող “Volterman” ընկերության մասին, որին երրորդ փորձից հաջողվել է ստանալ 2.677.616 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր տասնվեց) ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Դասընթացի ժամանակ համառոտ ներկայացվեցին նաև WWF Հայաստան կազմակերպության գործառույթները, մի շարք ծրագրեր ու նախագծեր, ինչպիսին է, օրինակ, «Կենդանիների որդեգրում» նախագիծը: Նշվեց, թե ռազմավարական ինչ գործողություններ են կիրառվել այդ նախագիծը ֆինանսավորելու համար (օրինակ՝ ֆինանսավորող անձանց կամ ընկերություններին տրամադրել նվերներ և հավաստագրեր):

«Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթացն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ուսանողները դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: