2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ծանոթություն PR-ին» թեմայով դասընթաց-քննարկում, որը վարեց WWF Հայաստանի հաղորդակցությունների և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը:
Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների ուսանողներ և աշխատակիցներ:
Դասընթաց-քննարկման նպատակն էր ներկայացնել գրագետ PR-ի (Public Relations - հանրային կապեր) առանձնահատկությունները, ինչպես նաև խոսել PR-ի գործիքների, ժամանակակից աշխարհում դրա ազդեցության և նշանակության մասին:
Սկզբում ներկայացվեցին PR-ի ձևավորման նախադրյալները, հանրային կապերի էությունը, բացատրվեց, թե ինչ է սև PR-ը:
Դասընթացավար Հերմինե Հակոբյանն ընդգծեց, որ PR-ը մի երևույթ է, որը հսկում է քո հեղինակությունը՝ նպատակ ունենալով լսարանից ստանալ աջակցություն, լսարանի կարծիքի և վարքագծի վրա ազդելու հնարավորություն:
Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու տեսակետները:
Քննարկման վերջում ցուցադրվեց PR-ի պատմության և դրա զարգացման փուլերի վերաբերյալ հոլովակ:
Հերմինե Հակոբյանն իր գոհունակությունն արտահայտեց դասընթացին մեր ուսանողների ակտիվ մասնակցության ու հետաքրքրվածության վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցությունը շարունակելու հարցում: