2018թ. նոյեմբերի 7-ին և 9-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի և Դիլիջանի տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների հետ:
Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակից Ա.Մանուչարյանը, դպրոցների տնօրենները, ուսուցիչները և աշակերտները:
Հանդիպումների նպատակն էր մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնել հանրակրթական դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ:
Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններն ու ֆակուլտետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդունելության պայմաններն ու արտոնությունները:
Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահպանություն և բնօգտագործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերին), քննական առարկաները, ընդունելության քննություններում կատարված փոփոխությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները:
Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից:
Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրել են կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:
Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական: