DSCN4456

 2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Ղալթախչյանը, տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Գևորգ Մինասյանը և ուրիշներ:
Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն», «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների համար անցկացնել «Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչները, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, արտադրական պրակտիկայի ղեկավար Ա.Ալեքսանյանը, դասախոսներ Ա.Եգանյանը, Մ.Աթաբեկյանը և Հ.Հայրապետյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի նշված մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:
Սեմինար-քննարկումը վարեց ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ով ներկայացրեց սեմինարի հիմնական խնդիրները՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո պարադիգմի փոփոխությունը, գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկաները որպես կայունության պայման, ԿԲ-ի քաղաքականությունների արդյունքները և հետազոտական օրակարգը:
Նախ ներկայացվեց 2008-2009 համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մասին, ինչը կենտրոնական բանկերին ստիպեց վերանայել և փոխել իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը. եթե մինչև ճգնաժամը ՀՀ կենտրոնական բանկի հիմնական քաղաքականությունը գնաճի նպատակադրումն էր, ապա ճգնաժամից հետո քաղաքականությունն ուղղվեց դեպի գների և ֆինանսական կայունության ապահովումը: Ընդգծվեց, որ այսօր ցածր գնաճը հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունք է։
Քննարկվեց ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության էությունը, որի գլխավոր նպատակը սահմանվեց որպես բիզնես ցիկլի հարթում՝ պոտենցիալ ՀՆԱ-ից փաստացի ՀՆԱ-ի շեղումների նվազեցում։
Առանձնահատուկ շեշտվեց ֆինանսական կայունության կարևորության մասին, որը մինչև ճգնաժամը հաշվի չէր առնվում։ Սակայն վերջինիս հետևանքները հանգեցրին նրան, որ ՀՀ ԿԲ-ն սկսեց վարել մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որի նպատակը ֆինանսական ցիկլի հարթումն է՝ պոտենցիալ ՀՆԱ-ից ֆինանսական ցիկլի շեղումների նվազեցում։
Սեմինար-քննարկման ընթացքում ուսանողները և քննարկման մասնակիցները պարոն Երիցյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:
«Կենտրոնական բանկի խնդիրները տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով սեմինար-քննարկումն ամփոփելով՝ Ներսես Երիցյանը նշեց, որ դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների համագործակցության վերաբերյալ հարցերն ունեն լուրջ հետազոտության կարիք, ուստի ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք կենտրոնական բանկերի և միջազգային կառույցների հետ ձևավորված հետազոտական օրակարգի շուրջ։
Վերջում ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին խորհուրդ տվեց ակտիվորեն մասնակցել կրթաթոշակային ծրագրերի, մասնավորապես՝ ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարվող Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին, համագործակցելով ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հետ՝ իրականացնել հետազոտական տարաբնույթ աշխատանքներ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: