2018թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնաճյուղի վաստակաշատ դասախոս, ներհուն գրականագետ, փորձառու մանկավարժ, բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Վարդանյանի մեծարման ցերեկույթը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր եղել են պարոն Վարդանյանի ուսանողները և այսօր նույն ամբիոնի դասախոսներ են:

Միջոցառումից առաջ սիրված դասախոսը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների համար կարդաց հետաքրքիր ակնարկային դասախոսություն՝ անդրադառնալով մարդու և մարդկայինի, գեղեցկի, բարու, ճշմարտի գեղագիտական ընկալումներին, գրողի, ուսուցչի (դասախոսի) և մարդու կոչմանն ու առաքելությանը՝ խոսքը համեմելով հայ և համաշխարհային մեծերի, դասական գրողների կյանքին ու գրական գործունեությանը վերաբերող ուշագրավ փաստերով ու օրինակներով, դասախոսեց ուսանողների առաջարկած գրական թեմաներով (Րաֆֆի (Սամվելի հոգեկան ապրումները), Դանիել Վարուժան, Պարույր Սևակ («Սուլամիթա») և այլն):

DSCN3996...N2

Այնուհետև պարոն Վարդանյանի բազմամյա անուրանալի վաստակի, մասնաճյուղում ներդրած հսկայական ավանդի կապակցությամբ գնահատանքի, արժևորման ու մեծարանքի խոսք ասացին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ Մ.Սարուխանյանը, Ա.Հասանյանը, Ա.Ադամյանը:

DSCN4013...N3

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներն էլ հանդես եկան ընկեր Վարդանյանին ուղղված սրտաբուխ ելույթներով, ակնածանքի ու երախտագիտության խոսքերով:

DSCN4028...N4

Տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, իր խոսքում ընդգծելով պարոն Վարդանյանին բնորոշ հատկանիշները, հավելեց. «Ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ Ձեզ ճանաչում եմ և նման պատիվ ունեմ համարվելու Ձեր կրտսեր ընկերը, Ձեր կրտսեր գործընկերը և Ձեր ծանոթներից մեկը... Ընդունեք մեր բոլորիս երախտիքի խոսքը Ձեզ՝ որպես իմաստուն, որպես բազմավաստակ մարդ, որպես մասնաճյուղում մեծ ավանդ ներդրած մարդ, ով և՛ անձնական, և՛ մասնագիտական որակներով շատ-շատ բարձրացրել է այն ասպարեզը, որտեղ ինքը գտնվել է: Շնորհակալություն Ձեզ»:  

DSCN4003....N5

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Ընկեր Վարդանյանը իր դասախոսություններով մշտապես մղել է սովորելու, խորանալու գրականության ակունքներում: Ես պիտի ասեմ, որ ընկեր Վարդանյանը մեծ խանդավառությամբ ու կրքով վարակել ու վարակում է իր բոլոր գործընկերներին. մենք ևս ամեն անգամ ընկեր Վարդանյանի հետ ունեցած մեր զրույցներում ինչ-որ մի բան նորից սովորում, նորից վերցնում ենք իրենից... Ցանկանում եմ ընկեր Վարդանյանին ստեղծագործական մեծ հաջողություններ, որ իր՝ դեռևս անավարտ նախաձեռնությունները կարողանա իրականացնել, քաջառողջություն, երիտասարդական ավյուն (որ ինքն ունի) և եռանդ... Եվ հուսանք, որ այսպիսի հանդիպումներ ուսանողների հետ պարբերաբար կլինեն, որովհետև մեր ուսանողները իրենից սովորելու և վերցնելու շատ բան ունեն»:

DSCN4008....N6

Բավականին հուզիչ և ազդեցիկ էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ա.Ադամյանի ելույթը, ով եղել է ընկեր Վարդանյանի լավագույն ուսանողուհիներից. «...Իր սիրած հեղինակներից մեկի՝ մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ողջ գունաշխարհը նրա հոգում է ծփում, ծիածանվում, և նրա բնագեղ և գեղապաշտ հոգում այդ գույները մշտապես եղել են, լուսավառվել են, և այդ գույներով նա միշտ գեղեցկացրել և երփնավառել է նաև մեզ, այն ժամերը, այն օրերը, երբ որ մեզ հետ է եղել, երբ որ Իջևանում է եղել... Ուղղակի անզուգական գեղեցկության կրող է, անզուգական գեղեցիկ հոգու տեր անձնավորություն է նա, և իսկապես շատ-շատ ենք հուզվում, շատ-շատ ենք տխրում... համենայն դեպս գուցե դասախոսությունների շրջանակում ընկեր Վարդանյանը Իջևանում չի լինելու, բայց, կարծում եմ, որ այդ կապը չպետք է կտրել և երբեք չի կտրվելու, որովհետև ընկեր Վարդանյանի ներկայությունը միշտ էլ մեզ համար լինելու է ցանկալի, անկրկնելի: Ես Ձեզ բարեմաղթում եմ, ընկե՛ր Վարդանյան, ամենակարևորը, այն կենսախնդությունը, որ միշտ էլ Դուք կրել եք (ես կարծում եմ՝ դա անանց է, դա միշտ է մնալու), ուզում եմ այդ Ձեր կենսախնդությամբ, աշխարհի և մարդկանց հանդեպ Ձեր հոգու լեցուն բարությամբ Դուք երկար, շատ-շատ երկար տարիներ ապրեք, և այդպես էլ լինելու է, որովհետև դա մեր բոլորիս ցանկությունն է, մենք Ձեզ շատ ենք սիրում, ես Ձեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում և անկեղծորեն հուզվում եմ, որ հիմա կանգնած այս խոսքերն եմ Ձեզ ասում...  Ձեզ երջանկություն, մե՜ծ երջանկություն, առողջություն, և մշտապես մեզ հետ լինեք, մեզ հետ եք լինելու, շա՜տ ենք Ձեզ սիրում...»:

DSCN4074.....N7

Ելույթներն ընդմիջվեցին մեր շնորհալի ուսանողուհիների գրական-գեղարվեստական ու երաժշտական գեղեցիկ կատարումներով:

DSCN4034....N8

«ՀԼԳ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև իրենց սիրելի դասախոսին նվիրված էսսեներ, որոնցից մեջբերենք հետևյալը.

 «Աշուն է... Գունազարդ և խայտաբղետ հեքիաթ... Բայց մեր սրտերն ու հոգիները համակված են ոչ թե տերյանական թախծաժպիտ տխրությամբ, այլ վարդանյանական սիրով ու ջերմությամբ, կյանքով և արգասաբերությամբ Մարդ, ում կարելի է և՛ մեծ հայրենասեր կոչել, և՛ անվանի գրականագետ, և՛ ուղղակի հայ, ում ստեղծած գրականագիտական ժառանգությունը կատարյալ է իր բացառիկությամբ և հայեցիությամբ: Խաչատուր Վարդանյան, անուն, որ անհնար է արտաբերել առանց սիրո և անսահման հպարտության:

DSCN4094...N9

Մեր շատ սիրելի՛ ընկեր Վարդանյան, Դուք մեզ համար սոսկ դասախոս չեք եղել, և Ձեր տված դասերը՝ դասախոսություններ: Ձեզ հետ լսարան են մտել հայոց մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Տերյանն ու Վարուժանը: Ձեր շուրթերով է ծաղկել Լոռվա չքնաղ բնաշխարհը, վերաիմաստավորվել կյանքի վերջին գարունը, մթնշաղի անուրջներում պարզվել կյանքի ոսկե երազը, պատկերացել ու ոգեղենացել հայոց հեթանոս անցյալը:

Այնքա՜ն շատ է ասելիքը, և այնքա՜ն մեծ մեր ցանկությունը՝ նկարագրելու մեր հույզերն ու տպավորությունները, մեր որդիական ջինջ ու մաքուր սերը Ձեր նկատմամբ... Սեր ու նվիրում, որոնք, ծնվելով մեկ հանդիպումից, պիտի հավերժեն դարեր...» («ՀԼԳ» IV կուրսի ուսանողուհի Նարա Մարտիրոսյան):

Միջոցառման վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը տնօրենության անունից նվիրվեց ընկեր Վարդանյանին:  

DSCN4066...N10

Ի պատասխան իր բոլոր գործընկերների և ուսանողների ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների՝ ելույթ ունեցավ պարոն Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի ու գնահատանքի համար և բոլորին նվիրեց մի ոգեշունչ կատարում:

DSCN4069....N11

Ի դեմս մեր շատ սիրելի և վաստակաշատ դասախոս ընկեր Վարդանյանի՝ ևս մեկ անգամ մեր խորին խոնարհումը, երախտագիտությունն ու մեծարանքն ենք արտահայտում գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների հանդեպ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, և որոնց սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիքի և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:

DSCN4090....N12

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: