2018թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մարզպետ Վահե Ղալումյանի առաջին հանդիպումը համալսարանականների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ԺՊ Ա. Վ. Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Սերվիս» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտներ, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցներ, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, մարզպետարանի այլ աշխատակիցներ, շահագրգիռ անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության լավագույն շրջանավարտների հետ քննարկել Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները, լսել այդ ուղղությամբ նոր, հետաքրքիր և համարձակ գաղափարներ, ընդունել իննովացիոն նախագծերի առաջարկներ:
Երիտասարդները ներկայացրին իրենց կազմակերպած արշավների, մարզում հայտնաբերած քարանձավների ու բերդերի մասին, առաջարկեցին դրանցում զբոսաշրջիկներին ներգրավելու վերաբերյալ թարմ գաղափարներ:
Մարզպետը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց զբոսաշրջիկին Դիլիջանից Իջևան և Բերդի տարածաշրջան ներգրավելու ծրագրերի վրա:
Իրենց նախագծերը, տեսակետները, կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող, մասնաճյուղի շրջանավարտ Սյուզաննա Պետրոսյանը և ուրիշներ:
Ա.Վալեսյանը խոսեց մասնավորապես Բերդ համայնքի Չինչին բնակավայրին վերաբերող նախագծի մասին:
Ն.Խուդավերդյանը որպես մարզում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող գործոններ մատնանշեց թերզարգացած ենթակառուցվածքները, ճանապարհների վատ վիճակը և նման խնդիրներ, որոնք քայլ առ քայլ լուծելու դեպքում բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:
Հանդիպման վերջում պարոն Ղալումյանն ընդգծեց, որ համալսարանականների հետ նման հանդիպումները հաճախակի կլինեն, քանզի ինքը շատ կարևորում է նրանց հետ համագործակցությունը, երիտասարդների կողմից առաջարկվող հետաքրքիր գաղափարներն ու նոր լուծումները:
Այնուհետև Տավուշի նորանշանակ մարզպետին ընդունեցին մասնաճյուղի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում, որտեղ մասնաճյուղից ամեն տարի ընտրված 5-ական ուսանող աշխատում է որպես վճարովի պրակտիկանտ:
Կենտրոնում Վ.Ղալումյանը մոտիկից ծանոթացավ մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերին և կատարված աշխատանքներին: